Վայքի հինգ բազմաբնակարան շենքեր շուտով կդառնան էներգախնայող

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հինգ բազմաբնակարան շենքերի բնակիչները շուտով ավելի քիչ կվճարեն իրենց բնակարանների ջեռուցման համար: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում այդ շենքերում մեկնարկել են էներգախնայողությանն ուղղված շինարարական աշխատանքները: Նախատեսվում է շենքերի տանիքների վերանորոգում և ջերմամեկուսացում, աստիճանավանդակների պատուհանների տեղադրում, մուտքի դռների վերանորոգում և նախասրահում հավելյալ ջերմաարդյունավետ դռան տեղադրում:

Շինարարական աշխատանքների համար սահմանված ժամանակահատվածը 4 ամիս է, սակայն, ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի խոսքով, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր է, որ այդ աշխատանքներն ավարտին հասցվեն 2017 թվականի գարնանը: Նրա դիտարկմամբ՝ նշված աշխատանքների արդյունքում յուրաքանչյուր շենքում կանխատեսվում է 10-20% էներգախնայողություն:

ՎԱԷՀՔ ծրագրի անձնակազմը Վայքի թիրախային հինգ շենքերի բնակիչների համար կազմակերպել է Գիտելիքների փոխանակման ֆորում՝ տեղեկացնելով շենքերում նախատեսվող էներգաարդյունավետության միջոցառումների, ակնկալվող արդյունքների, շինարարության ընթացքում անվտանգության կանոնների, ինչպես նաև իրականացվող աշխատանքներին օժանդակելու համար բնակիչների կողմից ակնկալվող քայլերի մասին: Քննարկվել են նաև շենքի հետագա պահպանությանը վերաբերող հարցեր:

Վայքի բազմաբնակարան շենքերը հիմնականում կառուցվել են 1960-70-ական թթ. և այժմ անբարեկարգ վիճակում են: Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը բազմաբնակարան շենքերի առաջնային խնդիր է համարում տանիքների անմխիթար վիճակը: Նրա խոսքով՝ շենքերի կառուցման ժամանակ հաշվի չեն առնվել նաև էներգախնայողության նորմերը: «Ուստի Հաբիթաթ Արմենիայի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը մեծապես կնպաստի շենքերի բարեկարգման գործընթացին, ինչպես նաև բնակիչների՝ էներգիայի սպառման հետ կապված կոմունալ վճարները մարելու հոգսը կթեթևացնի»,- նշում է քաղաքապետը: Ըստ նրա՝ ծրագիրը նաև հիանալի հնարավորություն է ընձեռում կրճատել CO2-ի արտանետումները, որը Վայքի քաղաքապետարանի պարտավորությունն է՝ որպես Քաղաքապետերի դաշնագրի անդամ:

Հինգերորդ հարկի բնակիչ Վարդան Հակոբյանին ի սկզբանե ոգևորել է ծրագրի իրականացումը: Իր բնակարանի ջեռուցման համար նա այժմ փայտ է օգտագործում: «Հույս ունեմ՝ շենքի տանիքի վերանորոգումից և ջերմամեկուսացումից հետո մեր բնակարանում ձմռանը շատ ավելի տաք կլինի, իսկ ամռանը՝ հով»,- նշում է Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ այդ պարագայում, միգուցե, մտածի բնակարանը գազաֆիկացնելու և գազի կաթսա օգտագործելու մասին:

ՎԱԷՀՔ ծրագրի մասին

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Եվրոպական միության Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների:
Ծրագիրն իրականացվում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Վայքի ու Սպիտակի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ են իրականացվելու Սպիտակի 27 և Վայքի 18 բազմաբնակարան շենքերում: