Հաբիթաթ Արմենիայի ջանքերով բարեկարգվել են Հայաստանի 20 բազմաբնակարան շենքեր

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, հետամուտ լինելով բազմաբնակարան շենքերի կառավարման և պահպանման հիմնախնդիրների լուծմանը, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում՝ նվիրված ոլորտում առկա խնդիրներին և դրանց արդյունավետ լուծմանն ուղղված միջոցառումներին:  Կլոր սեղան-քննարկման հիմնական նպատակն էր մեկ սեղանի շուրջ համախմբել այս ոլորտի առանցքային դերակատարներին, ինչպես նաև հիմնական շահառուներին և համատեղ քննարկել  բազմաբնակարան շենքերի  ընդհանուր տարածնքների վերանորոգման և էներգաարդյունավետության ուղղությամբ իրականացված աշխատանքները և հետագա քայլերը:

Միջոցառմանը ներկայացվեցին Հաբիթաթ Արմենիայի ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը, քննարկվեցին գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու ուղիներ, ինչպես նաև ներկայացվեցին բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի արտերկրյա փորձը, արդյունավետությունը և ձեռքբերումները:

Հաբիթաթ Արմենիայի բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի շրջանակում մինչ օրս բարեկարգվել են 20 բազմաբնակարան շենքեր և ներդրվել է շուրջ 50 մլն. ՀՀ դրամ՝ Երևանի և Վանաձորի քաղաքապետարանների, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, և համատիրությունների հետ սերտ համագործակցությամբ:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2011 թվականից է սկսել իրականացնել իր առաջին ծրագիրը բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ոլորտում: Այժմ ունենք թվով երեք ակտիվ ծրագրեր, որոնց շրջանակներում համագործակցում ենք քաղաքապետարանների, համատիրությունների, ֆինանսական հաստատությունների և այլոց հետ: Հաբիթաթ Արմենիայի առաջնային նպատակներից է ստեղծել աշխատող ֆինանսական մոդելներ, ինչպես նաև ոլորտում համախմբել տարբեր դերակատարներին, որպեսզի բազմաբնակարան շենքերի կառավարումը և պահպանումը իրականացվի արագ և որակյալ»,- ասաց Լուիզա Վարդանյանը, Հաբիթաթ Արմենայի գործադիր տնօրենը:

«Այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր 898 բազնաբնակարան շենքերի մուտքերի հիմնանորոգում, որից 800-ն արդեն իսկ իրականացրել ենք, որում իր մասնաբաժինն ունի նաև Հաբիթաթ Արմենիա հիմնադրամը: Ներկայում գործող ֆինանսական մոդելն ընդունելի է մեզ համար, և առաջիկա տարվա ընթացքում նախատեսում ենք ավելի մեծ թվով շենքեր ընդգրկել մեր համատեղ ծրագրերում»,- նշեց Հարություն Խաչատրյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետը:

«Տարոն» համատիրության գլխավոր ինժեներ Լիլիա Ազատյանը նշեց, որ իրենց համատիրության մեկ շենքում Հաբիթաթ Արմենիայի հետ համագործակցության արդյունքում կատարվել են էներգաարդյունավետության և ընդհնանուր օգտագործման տարածքների վերանորոգման աշխատանքներ: Գոհ լինելով արդյուքնքներից՝ համատիրությունը նախատեսում է դիմել այլ շենքերի համար ևս:

«Այս ոլորտի խնդիրներն ավելի հեշտությամբ կլուծվեն, եթե բնակիչները ոչ միայն իրենց բնակարանը համարեն սեփականություն և սրտացավ լինեն, այլև ամբողջ շենքը»,-նշեց ՀՀ քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության խորհրդական Եվգենյա Աթայանը:

Բազբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում Հաբիթաթ Արմենիան գործարկել է նոր կայք՝ www.taqtun.am, որի միջոցով կարելի է ծանոթանալ ծրագրին դիմելու գործընթացին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ շենքերում էներգաարդյունավետ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: