Երևանի 10 բազմաբնակարան շենքեր դարձել են էներգախնայող

Երևան, 21 մարտի, 2017թ.: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ) ծրագրի արդյունքում էներգաարդյունավետ բարեկարգման միջոցառումներ են իրականացվել Երևանի 10 բազմաբնակարան շենքերում:

Մարտի 21-ին կայացավ ծրագրի փակման համաժողովը, որի նպատակն էր մեկտեղել հիմնական շահագրգիռ կողմերին, որոնցից են ֆինանսական կառույցների, տեղական իշխանությունների, համատիրությունների ներկայացուցիչներ և ոլորտի այլ մասնագետներ՝ համատեղ քննարկելու ԲԲՇԷԱԲ ծրագրի արդյունքները։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակում ձեռք բերված փորձը և քննարկվեցին ի հայտ եկած խնդիրների հնարավոր լուծումները:

«Հաբիթաթ Արմենիան ԲԲՇ ընդհանուր օգտագործման տարածքների պահպանման ծրագրերի իրականացման ոլորտում 2011 թվականից է աշխատում: Մեզ հայտնի են այն բոլոր խնդիրները, որոնք կապված են և ԲԲՇ պահպանման, և կառավարման, ինչպես նաև ԲԲՇ օրենսդրական դաշտի հետ: Մենք վերանորոգել ենք 10 բազմաբնակարան շենք, սակայն սա աշխատանքի մի մասն է: Մյուս մասով մենք աշխատել ենք համատիրությունների հետ և բարձրացրել ենք նրանց կարողությունները»,-նշեց «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

2013 թ.-ից իրականացվող ԲԲՇԷԱԲ ծրագիրը նպատակ է ունեցել մշակել ֆինանսական մոդելներ, որը հնարավորություն կընձեռի համատիրություններին, բնակիչներին, քաղաքապետարաններին և ֆինանսական կառույցներին բազմաբնակարան շենքերում համատեղ իրականացնել ընդհանուր օգտագործման տարածքների ջերմամեկուսացման և վերանորոգման աշխատանքներ։ Ծրագրի նպատակն է եղել նվազեցնել էներգիայի աճող գների ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա։

Ծրագրի առաջին փուլը նվիրված է եղել շուկայական մոդելի մշակմանը, բնակիչների շրջանում ուսումնասիրության և վերլուծության իրականացմանը և հիմնական շահառուների ու գործընկեր կազմակերպությունների հետ կապերի ստեղծմանը։

Ծրագրի երկրորդ փուլում շենքերում իրականացվել են էներգաարդյունավետ (ԷԱ) միջոցառումներ, և փորձարկվել է մշակված ֆինանսական մոդելի արդյունավետությունը։ Այս Ծրագրի շրջանակում Հաբիթաթ Արմենիան համագործակցել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ։ Հաբիթաթ Արմենիայի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել էր Հուշագիր, ըստ որի քաղաքապետարանը համաձայնել էր սուբսիդիա տրամադրել ԲԲՇԷԱԲ ծրագրում ներգրավված համատիրություններին՝ շենքերի էներգաարդյունավետ վերանորոգումներ իրականացնելու համար։ Ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ կնքած Հուշագրի՝ բանկը համաձայնել էր վարկավորել Ծրագրում ներգրավված համատիրություններին։

Բազմաբնակարան շենքերի վերանորոգումներն իրականացվել են համատիրությունների, բնակիչների և բանկի մասնակցությամբ։ Էներգաարդյունավետ վերանորոգումներ իրականացնելու նպատակով համատիրություններին տրամադրվել են վարկեր և սուբսիդավորում։ Իրականացված աշխատանքների արդյունքում բազմաբնակարան շենքերում զգալիորեն բարձրացվել է հարմարավետության մակարդակը: ԲԲՇԷԱԲ ծրագիրը հնարավորություն ընձեռեց մշակել կենսունակ ֆինանսական մեխանիզմ բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետ բարեկարգումների համար։

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ԲԲՇԷԱԲ ծրագրի ղեկավար Բեսիմ Նեբիուն նշեց, որ անցյալում էներգախնայողությանը քիչ տեղ էին հատկացնում:

«Հիմա էներգիայի արժեքը բարձրացել է, ինչպես նաև այն շահագործման ու պահպանման եղանակը, որ կար նախկինում այժմ գոյություն չունի: Պետք է հանգենք այն կետին, որ նվազեցնենք բնակարանների էներգետիկ ծախսերը»,-հավելեց Նեբիուն:

Ծրագիր ղեկավար Կարեն Ասատրյանի հավաստմամբ՝ ծրագրի առջև դրված բոլոր խնդիրները հաղթահարված են: Առաջին անգամ Հայաստանում համատիրություններին հաջողվեց վարկային միջոցների ներգրավմամբ իրականացնել բազմաբնակարան շենքի վերանորոգման աշխատանքներ՝ հիմնվելով միմիայն սեփական ուժերի վրա:

Ծրագրի շրջանակում իրականացված 10 շենքերի էներգաարդյունավետ վերանորոգումները ցուցադրում են ընտրված ֆինանսական մեխանիզմի կենսունակությունը և լավ հիմքեր են ստեղծում Հայաստանում նմանատիպ աշխատանքների իրականացման համար:

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։
2000 թվականից ի վեր Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ ավելի քան 5,400 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ բարելավել են իրենց բնակարանային պայմանները։
Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արմենիան նախաձեռնում է կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։
Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.habitat.am կայքէջ: