1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Ողջույն, իմ անունը Վիտո Ռենդա է, և ես Հաբիթաթի Գլոբալ Վիլիջի կամավոր եմ Կանադայից։ Ես գրում եմ Հայաստանում վերջերս իմ ունեցած կամավորական փորձառության մասին։  Նախ և առաջ, մեկի համար, ով շատ է ճանապարհորդել և շատ է առնչվել այլ մշակույթների հետ, Հայաստանն այն քիչ երկրներից է, որն առանձնացավ մյուսներից։  Այն իրապես հիանալի տպավորություն թողեց ինձ վրա, որի մասին պետք է պատմել այլ մարդկանց։

Որտեղի՞ց սկսեմ։  Սկզբում, երբ ես բացատրեցի իմ ընտանիքին, ընկերներին և ծանոթներին, որ մեկնելու եմ Հայաստան իմ մարդասիրական աշխատանքը շարունակելու համար, նրանց մեծ մասին հարկ եղավ ցույց տալ Հայաստանի տեղը քարտեզի վրա։ Բարեբախտաբար, ես դպրոց եմ հաճախել Կանադայի Տորոնտո քաղաքում ապրող հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչների հետ և ինչ-որ չափով ծանոթ էի նրանց մշակույթին։ Ցավոք, իմ համայնքում ապրող հայերից շատերը երբեք փաստացի չէին ապրել Հայաստանում կամ չէին այցելել Հայաստան, այնպես որ նախքան ճամփորդելը ես իսկապես չգիտեի, թե ինչ սպասել։  Թեև Հայաստանն աշխարհի ամենահին երկրներից է, որի մշակույթն ու պատմությունը սկիզբ են առնում դեռ բիբլիական ժամանակներից, մարդկանց մեծ մասը դեռ պետք է բացահայտի և զգա Հայաստանը։ Հուսով եմ, որ իմ կարճ պատմությունը կարող է օգնել դեպի լավը փոխել սա։

Երևան ժամանելուն պես ես անմիջապես նկատեցի մարդկանց բարյացկամությունը և բավական լավ զգացի օդանավակայանից դուրս գալիս։ Հաճախ օդանավակայաններում կարելի է ամեն ինչ սպասել, բացի բարյացկամությունից և հանդարտությունից։  Տաքսու վարորդը սպասում էր ինձ Հաբիթաթի տարբերանշանով՝ պատրաստ բերելու ինձ Երևանի Հանրապետության հրապարակի մոտ գտնվող մեր հյուրանոցը, որը բոլորիս կարծիքով շատ մաքուր էր և հարմարավետ։  Հատուկ շնորհակալություն Հաբիթաթ Արմենիային մեր թիմին նման հիանալի կացարանով ապահովելու համար։ Երևանի համայնապատկերից շունչներս պահեցինք․ պետք է իրականում տեսնել այն՝ գեղեցկությունը գնահատելու համար։ 

Երևանի շրջայցի էքսկուրսավարին` Աստղիկին և «Գլոբալ Վիլիջ» ծրագրի համակարգողին՝ Նաիրային հանդիպելիս մեր թիմը գիտեր, որ լավ ձեռքերում է գտնվում։ Երկուսն էլ փորձում էին հնարավորինս ամեն ինչ բացատրել Հայաստանի մասին և պատասխանել մեր բոլոր հարցերին ուժերի ներածին չափով։ Մենք հասկանում ենք, որ երբեմն կարող է դժվար լինել, սակայն երբ Հաբիթաթի ներկայացուցիչը մարդկանց գրավում է լավ անգլերենով, այն կենսական է գլոբալ կամավորների համար մի քանի եղանակով։  Այսպես մենք կարող ենք ավելի շատ սովորել ընթացիկ խնդիրների մասին և ըմբռնել նրանց սովորույթներն ավելի լավ, քան անգլերեն համարյա չխոսող կամ քիչ խոսող մեկից։

Վայք ժամանելուն պես մենք հանդիպեցինք մեր շինարարության ղեկավարին՝ Վահրամին և ավտոբուսի վարորդին՝ Ժիրայրին։  Երկուսն էլ սկզբում շատ համեստ էին, հատկապես ավտոբուսի վարորդը, սակայն շուտով նրանք բացվեցին։ Մենք նկատում էինք, որ մեր վարորդը ավելի շատ էր ցանկանում ներգրավվել մեր թիմում, սակայն անգլերեն չխոսելու պատճառով շփումը սահմանափակ էր։ Նաիրան և Վահրամը պատրաստակամ էին և հաճախ հետաքրքվում էին մեր թիմից՝ արդյո՞ք մենք բավարարված և գոհ էինք շինարարությանն առնչվող բոլոր հարցերից։   Շատ համոզիչ էր այն, որ նրանք մեզ հետ էին հյուրանոցում և շինարարության հրապարակում և որ բոլոր ճաշերը միասին էինք ուտում։ Գլոբալ վիլիջ կամավորներին դուր է գալիս իմանալ և տեսնել, որ հյուրընկալ երկրի ներկայացուցիչները միշտ իրենց մոտ են, եթե որևէ բանի կարիք լինի։  Հյուրընկալող ընտանիքի հետ ծանոթությունը հաճելի էր, և անհամբեր սպասում էի, թե երբ պետք է սկսենք օգնել վերանորոգել նրանց տունը՝ կենսապայմանները բարելավելու նպատակով։  Սիրուշ տատիկը, տանտիկին Անժելան և նրա ամուսին Արսենը շատ հյուրասեր էին։ Յուրաքանչյուրն անում էր ձեռքից եկածը՝ մեր այնտեղ լինելը հիշարժան և հարմար դարձնելու համար։ Մեզ շատ էր գոհացնում այն միտքը, որ իրենց ընտանիքը շուտով պետք է ավելի լավ պայմաններում ապրեր։

Վայոց ձոր մարզի բնապատկերն իրոք հրաշագեղ է և համարյա կուսական և պահպանում է իր բնական գեղեցկության մեծ մասը։  Մեր վարորդը թիմին շատ լուսանկարներ անելու հնարավորություն ընձեռեց ՝ ելնելով այն փաստից, որ այդ մասերում երթևեկությունը քիչ է։  Մենք բոլորս հրապուրված էինք տեսարանով, քանի որ մեզանից քչերը կարող էին համեմատել այն այլ վայրերի բնապատկերի հետ։  Ես եղել եմ 30-ից ավել երկրում, և Հայաստանը առավել գեղեցիկներից մեկն է՝ իր բնապատկերային տեսարաններով։ 

Մեր թիմին շատ էր դուր գալիս, թե ինչպես էինք ընդմիջումները և ճաշերը միասին անցկացնում դրսում, տարբեր մրգերի ծառերով շրջապատված սեղանի շուրջ, որտեղ  մենք բոլորս ծիծաղում և պատմություններ էինք պատմում։  Մեզ համար ամենադժվար մասը բացատրելն էր, որ մենք բոլորս Կանադայի տարբեր մասերից ենք, որոնցից որոշներն իրար մոտ էին, բայց մեծ մասը միմյանցից հեռու են։ Ինչպես շատերը չգիտեն Հայաստանի աշխարհագրական դիրքը, այնպես էլ մյուսները չգիտեն, թե իրականում ինչքան մեծ է Կանադան։ Սնունդը իրոք հրաշալի էր և համապատասխան տարբեր համային նախընտրություն ունեցողների համար։ Նույնիսկ քմահաճ ուտողներն ուտելու ինչ-որ բան կգտնեին։  Հայկական խոհանոցը իրոք հոյակապ է և թերագնահատված ու հաճախ ուշադրության չարժանացած։  Անժելան և տատիկը մեզ ցույց տվեցին, թե ինչպես լավաշ պատրաստել սիրով և խանդավառությամբ։

Մեր շինարարության պատասխանատուն միշտ այնպես էր անում, որ մեզանից յուրաքանչյուրը հանձնարարություն ունենա և տեղեկանում էր, թե արդյոք մենք կուզենայինք ինչ-որ նոր բան փորձել։  Ես ինքս հյուսն եմ մասնագիտությամբ, և Վահրամը փորձելու համար ինձ մի այլ հանձնարարություն տվեց, այն է՝ օգտագործել պատի համար նախատեսված ավելորդ գիպսաստվարաթուղթը։  Այնտեղ քարի մեկ այլ երևացող պատ կար, որը տանտերերը կուզենային ծածկել, եթե ընդհանրապես հնարավոր լիներ։ Մի օր աշխատանքից հետո մենք գնացինք տեղի տնտեսական խանութ՝ գնելու անհրաժեշտ նյութերը։ Ես շատ ուրախ եմ, որ Վահրամը թույլ տվեց կիրառել իմ հմտություները և ներդրում ունենալ այլ մակարդակում։   

Ծրագրի փակման արարողությունը, որի ժամանակ ներկա էր տեղի քահանան, շատ հուզիչ և  ոգեշնչող էր։ Իմ ունեցած որևէ այլ Գլոբալ վիլիջ ծրագրի  փորձառություն չէր ներառել տնօրհնեքի արարողություն։ Լավագույն կրթության մի մասը կարող ես ստանալ՝ հաղորդակցվելով այլ մշակույթների։  Մեր՝ միասին ունեցած վերջին ընթրիքը շատ հիշարժան էր, և ցավոք  ամենադժվար պահը մեր նոր ընկերներին ց՛տեսություն ասելն էր։  Հայաստանը հիրավի մինչ այժմ ունեցած իմ կամավորական  ամենահիշարժան փորձառությունն էր, և ես իրոք ցանկանում եմ վերադառնալ և օգնել իրականացնելու Հաբիթաթի երազանքը։ Շատ շնորհակալ եմ, Հաբիթաթ Արմենիային։

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent