1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Մենք եկանք Հայաստան որպես կամավոր աշխատողներ`հույս ունենալով մի փոքր մեղմել երկրի անբավարար բնակարանային խնդիրները: Մենք նաև զբոսաշրջիկներ էինք, սակայն մեզ հանգստի համար հատկացված միայն մի քանի օրվա ընթացքում: Մենք հույս ունեինք, որ աշխատանքի և հանգստի այս միակցումը մեզ խորը պատկերացում կտար աշխարհի զբոսաշրջության քարտեզի վրա իրեն նոր գտնող այս խրթին երկրի մասին:
Ես տաս կանադացիներից մեկն էի (տարիքային կազմը տատանվում էր 27-ից 83), որն ընդգրկվել էր Հաբիթաթ ֆոր հյումենիթի Կանադայի կողմից պատվիրված 17-օրյա Գլոբալ Վիլիջ ծրագրում:  Մենք ժամանակի մեծ մասն անց էինք կացնում Տավուշի մարզի երկու կիսակառույցների համար ավազ մաղելով, ծեփամածիկ քսելով և պատերը ներկելով: Սա գործազրկության բարձր մակարդակ ունեցող և գյուղատնտեսությամբ գոյատևող տարածք է, որն ունի հրաշագեղ լեռնային լանդշաֆտ, որը կարծես “Երաժշտության ձայնը” ֆիլմի միջից լինի:

Դեպի տեսարժան վայրեր մեր արշավները հիմնականում կենտրոնացած էին մայրաքաղաք Երևանում և դրա շուրջը: Իր Օպերայի շենքով,  հետիոտների համար նախատեսված խանութների շարքով և հոյակապ կառավարական շենքերի կենտրոնական շրջանով այս քաղաքը կարող էր լինել Եվրոպայի ցանկացած մասում: Փաստորեն,  բացառապես ցամաքային Հայաստանը գտնվում է հարավային Կովկասում, որտեղ միանում են Ասիան և Եվրոպան: Այնտեղ կարելի է հասնել Իրանով և Վրաստանով, սակայն առճակատման պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները  փակ են: Այն զբոսաշրջիկները, որոնց մենք հանդիպեցինք Երևանում, հիմնականում ուսապարկերով շրջողներից էին և եկել էին Եվրոպայից, Ռուսաստանից և աշխարհասփյուռ հայկական համայնքներից: Շատերը շրջագայություններ էին պատվիրել պատմամշակութային վայրեր, ներառյալ երեք համաշխարհային մշակութային արժեք համարվող տեսարժան վայրեր:
Լոնդոնից գիշերային թռիչքով ժամանելիս մեզ ողջունեց Արարատ լեռան ձյունաճերմակ գագաթը, որը փայլփլում էր վաղորդյան աղջամուղջում: Լինելով Նոյան տապանի վայրէջքի լեգենդար վայրը`  Արարատը Հայաստանի ազգային սիմվոլն է, որի անունով է կոչվում նաև մի բանկ և կոնյակի գործարանը: Թեև սարը երևում է Երևանից պարզկա օրերին, այն ամբողջությամբ գտնվում է Թուրքիայի տարածքում:
Մենք ժամանեցինք մայիսի 28-ին, որն ազգային տոն էր և խորհրդանշում էր Հայաստանի` առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայից կարճատև անկախությունը: Մյուս տոնը, որը նշվում է սեպտեմբերի 21-ին, նշանավորում է 1991թ. Հայաստանի  դուրս գալը Խորհրդային միությունից: Արարատի հետ մեկտեղ անկախության այդ երկու տոները կենդանի են պահում հիշողությունները Հայաստանի հին թագավորության մասին, որը շատ ավելի մեծ էր, քան այսօրվա երկիրը:
Ազգի` իր անցյալի  և ապագայի համար առանցքային նշանակություն ունեցող իրադարձությունը Օսմանյան Թուրքիայում մեկ ու կես միլիոն հայերի մահն է: Տեղահանումները և ջարդերը, որոնք սկսվեցին 1915-ին, սարսուռ առաջացնող հիշողություններ են, որոնք ներկայացված են Երևանի Ցեղասպանության թանգարանում առկա լուսանկարների և փաստաթղթերի միջոցով: Այն կարծես սուրբ դամբարան լինի: Մեր զբոսավարը մեզ հիշեցրեց, որ Կանադան այն երկրներից է, որոնք պաշտոնապես ճանաչել են ցեղասպանությունը:  Մյուսները, ներառյալ Թուրքիան, չեն ճանաչել:
Կրոնն ազգային ինքնության մեկ այլ անկյունաքար է: Հայաստանը հպարտանում է, որ աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեութունը: Մի կիրակի առավոտ մեր խումբն այցելեց Մայր

Աթոռ Սուրբ Էջմիածին, որն, ըստ ավանդույթի, կառուցվել է Գրիգոր Լուսավորչին երազում ցույց տրված վայրում:
Արարողությունը շատ գունագեղ էր վեղարներ և խույրեր հագած քահանաների, բացվող ու փակվող գունավոր էկրանի և երգչախմբի մասնակցությամբ: Զբոսաշրջիկները, որոնք իրենց քանակով համարյա գերազանցում էին հավատացյալներին, այս ամենին վերաբերվում էին որպես թատրոնի` ճանապարհ հարթելով կանգնած մարդկանց միջով և տեսա ու լուսանկարներ անելով:
Մեր այցելած կրոնական մյուս վայրերի մեծ մասը` դարավոր եկեղեցիներն ու վանքերը ներկայումս թանգարան են: Չափերով փոքր, սակայն ժայռերից պատրաստված այս շինությունները երկրի կրոնական անցյալը հիշեցնողներն են: Լայնազանգված Զվարթնոցի համալիրը դեռևս ակնածանք է ներշնչում, չնայած որ փլուզվել է դարեր առաջ` թողնելով միայն սյուների մի շրջան: Սևանավանքը, որը թառած է բլրին և նայում է Սևանի կապուտակ ջրերին, առաջին մրցանակն է ստանում գեղեցիկ  համայնապատկերի համար: Գեղարդը, որը թզուկ է թվում մեծ ժայռի համեմատ, բոլորից ամենատպավորիչն է: Այն ժայռափոր գերեզման է և ունի այնպիսի արտասովոր ակուստիկա, որ մեր խմբի անդամներից երկուսը սկսեցին միաձայն երգել Սուրբ, սուրբ, սուրբ-ը:

Մեր աշխատավայրը գտնվում էր Իջևանում` Տավուշի մարզի մայրաքաղաքում, որին դժվար ժամանակներ են բաժին ընկել: Դրա կենտրոնական այգում մի ժամանակ շատրվաններ և լանդշաֆտային կածաններ են եղել, սակայն այժմ այն ժանգոտ խողովակների և մոլախոտերի վայր է:
Նույնիսկ մեր մեկօրյա շրջագայությունն այստեղ վայրի արշավի էր նման: Լաստիվերում մենք տեղացի զբոսավարի հետ գնացինք, ինչպես ասվեց, <<երեք կիլոմետրանոց զբոսանքի>>:  Դրա փոխարեն մենք  տքնաջան քայլում էինք ձորի բերանին գտնվող ցեխոտ արահետով, մի կերպ հաղթահարում ներքևում գտնվող կչկչան գետի սղլիկ քարերը և բարձրանում ուղղահայաց ժայռապատի վրայով: Այն վտանգավոր էր, բայց և պարգևատրող: Տեսարաններն արժանի էին դրան. կարծես բացիկի վրայից լինեին, և մենք հասանք մի քարանձավ, որտեղ վաղ քրիստոնյաները զոհասեղան էին կերտել ժայռապատի մեջ:
Հենց Տավուշում էր, որ մենք սերտորեն շփվեցինք Հայաստանի բնակիչների հետ: Մեր այցելած տների մեծ մասն ուներ արբանյակային ալեհավաք, ինտերնետ և բացօթյա պատշգամբներ: Մեր խումբը երկար ժամանակ վիճում էր, թե ինչքանով էին սրանք առաջնահերթ (եթե ես էլ այսօր երեխաներ մեծացնեի, ես էլ ավելի շուտ  Facebook և Google կնախընտրեի տան ներսում գտնվող կոյուղու փոխարեն):
Այստեղ մենք դեմ-առ-դեմ բախվեցինք այն ընտանիքնեի տնտեսական խնդիրներին, որոնց մեր խումբը եկել էր օգնելու: Առաջին տանը մեր ներկն ավարտվեց, քանի որ ծնողները գումարը ծախսել էին հիվանդ երեխային բուժելու համար (ևս մեկ ընտրություն, որ ինքս էլ կանեի):
Երբ որ մենք վերջացնում էինք մեր աշխատանքը երկրորդ տանը, տանտերը` Կամոն, իր երախտագիտությունն արտահայտեց մեզ տուն հրավիրելով: Նա բոլորիս համար հայկական կոնյակ լցրեց: Հետո ամեն կամավորի այտերը համբուրեց:
Սա մի պահ էր, որ մենք երբեք չէինք վերապրի, եթե Հայաստանում գտնվեինք միայն որպես զբոսաշրջիկներ:

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent