1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Կամավորական աշխատանք Հայաստանում. Ծնող և երեխա կառուցում են, 2010թ.

Հայաստանում Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի համար 2010թ. հուլիսին մեկ շաբաթ կամավոր աշխատելը կյանքում մեկ անգամ պատահող փորձառություններից էր և ինձ համար, և իմ դեռահաս որդու: Ի՞նչն է որևէ բանը դարձնում կյանքում մեկ անգամ պատահող փորձառություն բառի բուն իմաստով, նույնիսկ երբ երկու ամիս է արդեն անցել և էյֆորիայի զգացողությունը նվազել է ու կյանքն իր սովորական հունի մեջ է ընկել:
Բառացի իմաստը պարզ է: Ես նախկնում երբեք կամավոր չէի աշխատել Հաբիթաթի համար  և երբեք Հայաստանում չէի եղել: Ամեն ինչ նոր էր, առաջին անգամ իմ կյանքում: Վերջակետ: Իսկ պատկերավոր ասա՞ծ: Ինչպե՞ս է պատահել, որ ես ունեմ այս անեղծ երջանկության, հաճույքի, ուրախության, բավարարվածության զգացումները և հուզմունքը նույնիսկ հիմա, երբ սկսեցի գրել այս տողերը:
 Ես կարծում եմ պատճառն այն է, որ ամեն անձ, որին մենք հանդիպեցինք այս մեկ շաբաթվա Գլոբալ Վիլիջ ուղևորության շրջանակներում դարձավ թանկագին և եզակի ընկեր: Դա արտասովոր բարձր ցուցանիշ է մեկ շաբաթվա համար: Մի քանի տասնյակ օտարականներ տեղ գտան քո կյանքում, բոլորն էլ մարդիկ, որոնց ուզում ես նորից հանդիպել և ժամանակ անցկացնել, և ոչ թե ուղղակի <<ժամանակ>>, այլ <<բարձրակարգ ժամանց>>, ինչպես ասում են ԱՄՆ-ում:
Դրանից բացի, ոչ մի պատահականություն չկար: Կարծում եմ, որ առանցքայինը Հաբիթաթ ֆոր Հյումենիթին էր, մասնավորապես Հաբիթաթի մարդիկ, որոնք կազմակերպեցին այս միջոցառումը և ուղղորդեցին մեզ դրա ամեն մի րոպեի միջով: Հաբիթաթը համաշխարհային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը օգնում է մարդկանց տուն ունենալ, հատկապես կամավորների և նվիրատվությունների միջոցով:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթին էական դեր է խաղում մարդկանց հիմնական իրավունքներից և կարիքներից մեկն ապահովելու դժվար հարցում. ընտանիքներին տրամադրում է ապահով կացարան: Եթե ամբողջ կյանքդ տուն ես ունեցել, ապա չես կարող պատկերացնել տուն չունենալու կամ այն երբեք ունեցած չլինելու ազդեցությունը:
Դրա կարիքը տարբեր երկրներում տարբեր է, սակայն այն միշտ էլ ցավ է պատճառում ցանկացածի, ով ստիպված է ապրել կյանքն առանց տան: Նույնիսկ մեզ համար, ովքեր միգուցե երբեք ստիպված չեն լինի ապրել նման պայմաններում, դրա միտքն անգամ սարսափելի է:


Դեպի Հայաստան
Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակը թեև փոքր է, բայց արտասովոր, արդյունավետ կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 2000թ. և ընդամենը տաս տարում աջակցել է մոտ 600 ընտանիքների: Միջին հաշվով տարեկան 60 տուն կամ ավելի, կամ մեկ տուն մեկ շաբաթում: Սա պետք է առաջացնի ամեն կոմերցիոն գործակալի կամ շինարարական կազմակերպության նախանձը:

Մեր Գլոբալ Վիլիջ թիմը միացավ Ծնողը և երեխան կառուցում են նախաձեռնությանը` աշխատելով Նահապետ Դավթյանի և նրա ընտանիքի տան վրա: Այն գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից դուրս գտնվող մի արվարձանային գյուղում: Երևանի ճարտարապետության մի ստվար մաս ստիպում է քեզ հավատալ, որ երկիրը գտնվում է լավ, նույնիսկ հարուստ վիճակում, սակայն երբ որ գնում-գալիս էինք մեր ընկեր Ալեքսի անհամեմատելի հանրակացարանից դեպի Նահապետի տուն, ես սկսեցի նկատել շենքերի և տների` հաճախ անմխիթար վիճակը:
Տների մեծ մասը դատարկ են, որոշները, թվում է, լքվել են վաղուց և քանդվում են: Տարբերությունն աչք ծակող է:  Ահա վերջերս կարուցված մեծ փառահեղ եկեղեցին, որն ըստ լուրերի կառուցվել է սփյուռքի հարուստ հայերի ֆինանսական աջակցությամբ: Սակայն օրը երկու անգամ մենք անցնում էինք կաուտչուկի հանրահայտ գործարանի մոտով, որը խորհրդային միության տարիներին հազարավոր ընտանիքների համար հանդիսանում էր եկամտի վստահելի աղբյուր, իսկ այժմ լքված է: Այն հառնում է այնտեղ կարծես մղջավանջի միջից, ինչպես ժանգոտ քայքայվող հրեշ:
Նահապետի տունը գտնվում է լաբիրինթանման տեղանքում, նեղլիկ, ոչ ասֆալտապատ փողոցներով շրջապատված: Մի տուն մյուսի կողքին, սակայն ոչ մի մեքենա, ոչ էլ մարդիկ, առօրյա կյանքի ոչ մի նշան: Սա ուրվականների քաղաք չէ, սակայն ավելի շուտ մի վայր, որտեղ լարը քաշվել է տարիներ առաջ: Կյանքը կանգ է առել, մինչև որ նոր մեկնարկի սկիզբ չտրվի, և թվում է, թե այն  համակերպվել է հանգամանքների հետ:
Սա Նոր Խարբերդն է, համայնք, որն ընտրվել է Հաբիթաթի հայաստանյան գրասենյակի կողմից որպես վերջինիս երկարաժամկետ վերանորոգման և վերականգնման ծրագրերից մեկը: Այստեղ համարյա ամեն կառույց լուրջ աշխատանքի կարիք ունի: Այստեղ և այնտեղ ինչ-որ տներ ծեփապատել են դեղին ծեփով: Մենք տեսնում ենք մեկը, որն ավարտված է և լավ տեսք ունի. սա Հաբիթաթի կողմից վերջերս ավարտած <<Կառուցում են կանայք>> ծրագրի արդյունքն է:
Մի քանի հարյուր տուն Նոր Խարբերդում Հաբիթաթի և սեփականատերերի կողմից իրենց վերանորոգման կամ վերակառուցման հերթին են սպասում: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանավորածի, իսկ ես համոզված եմ, որ այպես էլ կլինի, մի քանի տարի անց այս թաղամասը նորից կյանքով կլցվի:
Հայաստանի չափանիշներով Նահապետն աղքատ մարդ չէ: Հայաստանի բնակչության մոտ տաս տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր, սակայն նա դրանցից մեկը չէ: Վերջապես, նա լավ հողատարածքի վրա կառուցված հարմար չափ ունեցող երկհարկանի առանձնատան տերն է: Նա, իր կինն ու երկու երեխաներն ապրում են նրա եղբոր հետ: Նահապետը մեքենա է վարում (և մենք բոլորս կարող ենք վկայել, որ նա ամենահամեղ կերակուրներն է պատրաստում ամենահասարակ բաղադրամասերից: Կարելի է խելքահան լինել հայկական կերակուրների համար): Նա շատ է չարչարվում և ապահովված է աշխատանքով: Սակայն ելնելով Հայաստանի տնտեսական իրավիճակից` նրա աշխատանքը ցածր եկամուտ է ապահովում: Քանի որ նա ժառանգել է այդ խարխուլ և քայքայված սեփականությունը շատ տարիներ առաջ, երբեք միջոցներ չի ունեցել իր տունը բնակելի դարձնելու համար: Չկան գրավներ կամ բանկային վարկեր:
   
Ընկեր և գործընկեր
Նահապետը Հաբիթաթի հետ աշխատելու համար իդեալական թեկնածու է:
Հաբիթաթը Ձմեռ պապ չէ, ոչ էլ կախարդական հեքիաթի մաս: Այդպես չի լինում, որ մի գեղեցիկ օր արթնանաս քո նոր տանը և բացականչես. <<Ի~նչ բախտավոր եմ: Հապա այստեղ նայիր, սա ինչպե՞ս պատահեց>>:
Ոչ, Հաբիթաթն իր հրաշքները գործում է միայն համագործակցությամբ: Այն արժեք է ներդնում իր գումարի մեջ և ավելին: Տեղի Հաբիթաթի նշանաբաններից մեկն այսպիսին է. <<Օգնել մարդկանց` հույսը վերածել բնակարանի>>: Այստեղ շեշտ օգնելու վրա է: Նահապետ այնպիսի մեկն է, ով ինքն իրեն օգնում է:
Այսպիսով, ո՞վ է իրականում վերակառուցում Նահապետի տունը: Հաբիթաթը, թե՞ Նահապետը:
Դուք ճիշտ եք, Նահապետը:
Նա շատ է հպարտանում դրանով: Երբ դուք քայլում եք նրա պարսպապատ տարածքի երկաթյա դարպասի միջով, հիանում եք տեսնելով նրա բանջարաբոստանը: Ամեն ինչ այնքան լավ է արված: Այն մի օազիս է այս շոգ, չոր ամռանը: Ծաղիկները ծաղկած են, խաղողի որթերն աճել են պատշգամբն ի վեր` ապահովելով արևապաշտպան ստվեր: Մի փոքրիկ հետաքրքիր ցայտաղբյուր մեր շշերն անընդհատ սառնորակ ջրով է ապահովում, ստվերում կա ճոճաթոռ, պայծառ ներկված մի նստարան, կրակարան եփելու և խորովելու համար, իսկ կապույտ անջրանցիկ բրեզենտի ստվերում, կանաչ մետաղյա ձողերին բազմել է մի երկար սեղան հարմարավետ հին նստարաններով, որտեղ մենք ճաշում էինք: Սա բացօթյա տուն է: Այն կատարյալ է: Դուք զգում եք Նահապետի հոգածությունը և հպարտությունը, իսկ Հաբիթաթի օգնությամբ քիչ ժամանակ անց սա կվերածվի իրական տան:
Ես լավ եմ հասկացել. Հաբիթաթի մոտեցումը տանտերերին օգնելու հարցում խելացի գաղափար է, իրականությանը համապատասխան: Կազմակերպությունը ժամանակավորապես <<որդեգրում է>> Նահապետի նման ինչ-որ մեկի կարիքները: Նա օժանդակություն է ստանում զանազան ձևերով: Հաբիթաթը, որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, օգնում է վարկով, որն ամբողջովին հարմարեցված է նրա եկամտին և ֆինանսական պայմաններին: Հաբիթաթը Նահապետին տրված վարկից շահույթ չունի:  Վարկը ունի շատ փոքր վտանգ, կամ համարյա չկա վտանգ, որ այն երբևէ նրան խոցելի վիճակի մեջ կդնի: Նրա եկամուտը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում վարկն ամբողջությամբ մարել:
Այս գումարով Նահապետը կարող է, օրինակ, նյութեր գնել և վարձատրել շինարարներին: Հաբիթաթը մասնագիտական վերահսկողություն է ապահովում`աշխատանքի որակն ապահովելու համար, ինչպես նաև կամավորների խմբեր (ոչ մասնագետ), տեղական և օտարերկրացի, որոնք օգնում են շինարարության տարբեր փուլերում մինչև աշխատանքի ավարտը: Յուրաքանչյուր կամավոր նաև մի փոքր գումար է նվիրաբերում Հաբիթաթին, որը այս կամ այն կերպ օգնում է վճարել շինարարության կարիքների համար: Նահապետը նաև ներդրում է իր սեփական ժամանակն ու աշխատանքը: Այսպիսով, վերջում, երբ վարկն արդեն մարված է, նա ընդմիշտ հպարտ կլինի: Նրա վերանորոգված տունն իրենն է, իսկ միևնույն ժամանակ, երբ նրանք մարեն վարկը, նա և իր ընտանիքը կարող են վայելել հարմարավետությունը և առանձնությունն ըստ արժանվույն:
Օգնող ձեռքեր
Օգնելու այս ձևը այնպիսի ոգի է ստեղծում, որից շինարարության վայրում գտնվող բոլորը հաճույք են ստանում: Մենք մի իսկական թիմ էինք. պատանիներ, երիտասարդներ, ավելի տարիքովներ և տարեցներ աշխարհի տարբեր ծայրերից: Միասին մենք հետևում էին մեր ղեկավար Վլադի ցուցումներին: Մենք հսկայածավալ որմաքար հանեցինք հին կառույցի վրայից, ավազ մաղեցինք ձեռքով պատրաստված մաղով, փոխադրեցինք ձեռնասայլակով, բահով խառնեցինք և ջուր ավելացրեցինք, մինչև որ Վլադի արհեստավարժ աչքը նկատեց, որ բավական է: Հետո հերթ կանգնեցինք և ծանր դույլերը բարձրացրեցինք առաջին հարկ, որտեղ վարպետն ու Նահապետը պատ էին շարում:
Որպես թիմ, մենք օգնում էին միմյանց` օգնելով Նահապատին իր հույսերը վերածել տան. դույլ դույլի հետևից, քար քարի հետևից: Մենք բոլորս նորելուկներ էինք այս աշխատանքում, այնպես որ սա հաճախ ծանր աշխատանք էր բարկ արևի տակ: Մենք շատ քրտինք էինք թափում, սակայն դա զվարճալի էր և անմոռանալի: Ամեն վայրկյանը:
Երբ մենք հեռացանք մի շաբաթ անց, տունը դեռ պատրաստ չէր, սակայն վերանորոգումն ընթանում էր ըստ գրաֆիկի. առաջին հարկը պատրաստ էր բոլոր պատերով և առաստաղով: Շաբաթվա վերջում մենք քայլում էինք այն մասերով, որոնք շուտով տան սենյակներ պիտի դառնային: Նահապետը քչախոս հանգիստ մարդ է (դե, մենք չէինք խոսում ընդհանուր լեզվով, սակայն նրա անգլերենն ավելի լավն էր, քան մեր հայերենը), սակայն նա մեզ գնահատանքի խոսքեր էր շռայլում:
Նա մեր հիանալի տանտերն էր հրաժեշտի երեկոյին, միս ու բանջարեղեն էր կտրատում և կրակարանի վրա խորովում համեղ բանկետի համար: Նրա կինն ու երկու երեխաները քաղաքում չէին, էնպես որ ցավոք մենք երբեք չհանդիպեցինք նրանց, բայց նա հրավիրել էր իր եղբորը և նրա ընտանիքին և կնոջ ծնողներին` մասնակցելու մեր հրաժեշտի երեկոյին:
   
Ու աստված իմ, նրանք գիտեին` ինչպես ուրախանալ և բոլորիս պարեցնել, ինչպես հայերն անում են հարմար առիթ ընձեռնվելիս: Մեր թիմից բաժանվելը, մեր ընկերներին ցտեսություն ասելը, Նահապետին, Հաբիթաթի շինարարության ղեկավար Վլադին, վարպետ շինարարին, մեր անդադրում մասնագետ-գործընկեր թարգմանիչ Սերգեյին, ինչպես նաև մյուս հայ կամավորներին հրաժեշտ տալը հուզիչ պահ էր: Ոչ ոք դեմ չէր ավելի երկար մնալ և օգնել Նահապետին նորոգել իր տունը, մինչև որ մենք ականատես կլինեինք, թե ինչպես է նա իր ընտանիքի հետ տեղափոխվում այնտեղ ապրելու:
Եվ ահա Հայաստանը: Մեր կամավորական աշխատանքն ավարտելուց հետո  մենք հնարավորություն ունեցանք այցելել Արևմտյան քաղաքակրթության և արևելքի ու արևմուտքի ճամփաբաժանին գտնվող այս հին բնօրրանի սիրտը: Հաբիթաթը պատրաստել էր մի հիանալի և խիտ <<հայտնագործիր նոր ու հին Հայաստանը>> ծրագիր մեզ համար, որը սիրտ ու հոգի տվեց մեր կամավորական աշխատանքին: Այն դրան խորը սոցիալական և մշակութային համատեքստ հաղորդեց: Մենք մեզ ավելի շատ անձնական հյուրեր զգացինք, քան այցելող զբոսաշրջիկներ:
Ես սկսեցի հասկանալ Հայաստանի կենսականությունը, խաղաղ հրատապությունը և դիմացկունությունը, մարդկանց արդյունավետությունը, թիմային ոգին, ուրախությունը, հյուրընկալությունը, սրտից բխող գնահատանքը և ընկերասիրությունը: Ահա թե  ինչպես ես հասկացա և հիացա հայ կամավորների ժրաջան աշխատանքով և բարձր ոգով, ինչպես նաև մեր հանդիպած Կանանց Ասոցիացիայի անդամների առույգ ու անկեղծ մտածողությամբ: Ահա թե ինչպես եմ ըմբռնում Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակի ջանքերը, նրա նվաճումներն ու ձգտումները: Այն մասնակցում է տեղացիների  բարդ խնդիրների լուծման հարցում և գիտի ինչպես անել դա: Ի դեպ, հպարտ եմ, որ կարողացա մեկ շաբաթով նրանց ջանքերի մասը կազմել:
Մեկ հարց, որը մեզ տրվեց Գլոբալ Վիլիջի վերջնական գնահատման ժամանակ այն էր, թե արդյոք մենք կարծում էինք, որ ինչ-որ արժեք ձեռք բերեցինք մեր գումարի դիմաց: Ես զայրացա, հետո մտածմունքի մեջ ընկա և չպատասխանեցի այդ հարցին: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը նույնիսկ մտածել դոլարի նշան վերագրել <<Օգնելու մարդկանց` հույսը վերածել բնակարանի>> գաղափարին, մանավանդ, որ այդ գործընթացում <<կամավորը>> ձեռք է բերում ավելի շատ ընկերություն և գնահատանք, ավելի շատ պատկերացումներ, գիտելիք և հասկացողություն մարդկանց և կյանքի մասին, քան նա երբևէ կարող է տալ:
 Շնորհակալություն Հաբիթաթ ֆոր Հյումենիթիին կյանքում մեկ անգամ պատահող անգին փորձառության համար:
Ֆրանս վան Ռոսումը դասական երաժշտության պատմաբան և գրող է Ամստերդամից, ով 2010թ. մասնակցել է Հայաստանում Ծնող և երեխա կառուցում են  միջոցառմանը իր որդու հետ միասին:

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent