Տպել

Սպիտակ, 21 հունիսի, 2019 թ.: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում նշանավորվեց արևային ֆոտովոլտայիկ կայանի բացման արարողությամբ: 43,5 կՎտ հզորությամբ կայանը Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տանիքին տեղադրվել է Եվրոպական միության «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում, որը էլեկտրաէներգիա կմատակարարի քաղաքապետարանին և նշված մանկապարտեզին: Ծրագիրն իրականացվում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամի կողմից՝ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ:

Հաբիթաթ Արմենիայի և Սպիտակի քաղաքապետարանի համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը քաղաքապետարանի հարակից տարածքում համախմբել էր Սպիտակի բնակիչներին, քաղաքապետարանի և Հաբիթաթ Արմենիայի աշխատակիցներին, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների:

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը, Քաղաքապետերի դաշնագրի Արևելյան գրասենյակի գլխավոր փորձագետ Արտեմ Խարազյանը, ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը:

Գագիկ Սահակյանի խոսքով՝ Քաղաքապետերի դաշնագրին անդամակցելուց ի վեր Սպիտակում իրականացվել են էներգախնայողությանն ուղղված մի շարք ծրագրեր: «Մասնավորապես՝ Հաբիթաթ Արմենիայի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը հնարավորություն կընձեռնի մինչև 2020 թվականը նվազեցնել CO2 արտանետումները շուրջ 20%-ով` օգտագործելով վերականգնվող էներգիան որպես լրացուցիչ էներգիա, ինչը կհանդիսանա կայուն զարգացման օրինակ` պահպանելով շրջակա միջավայրը, ինչպես նաև կապահովի տարեկան 15-30% էներգախնայողություն»,- նշեց Գագիկ Սահակյանը: 

«Արդեն հինգերորդ տարին է՝ Հաբիթաթ Արմենիան իրականացնում է ՎԱԷՀՔ ծրագիրը, որը բավականին ծավալուն է և հարուստ գործողություններով ու գրանցված արդյունքներով: Այսօր մենք հավաքվել ենք Սպիտակ քաղաքում՝ 43,5 կՎտ հզորությամբ կառուցված արևային ֆոտովոլտայիկ կայանի բացման արարողության կապակցությամբ, որն այս տարվա գրանցված արդյունքներից առաջինն է:  Հաբիթաթ Արմենիան դեռ շատ անելիքներ ունի այս ծրագրի շրջանակում, և մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք ինչ-որ չափով օգնել Սպիտակ համայքին դառնալ էներգակայուն»,- նշեց Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

Միջոցառման շրջանակում անցկացված ֆլոշմոբին Սպիտակի 30 երիտասարդներ մոտ 1 ժամ շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ներկայացնելով էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի կոչեր պարունակող պաստառներ՝ վերջում միանալով բուն միջոցառմանը:

Մասնակիցների շրջանում անցկացվեց նաև վիտկորինա էներգախնայողության թեմայով, որի հաղթողները պարգևատրվեցին Հաբիթաթ Արմենիայի և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հուշանվերներով: 

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Սպիտակի մշակույթի տան, Գեղարվեստի դպրոցի և Թիվ 2 մանկապարտեզի սաները:

Նշենք, որ ՎԱԷՀՔ ծրագրի շրջանակում Սպիտակի 23 բազմաբնակարան շենքերում իրականացվել են էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ փոխվել են մուտքի դռները և աստիճանավարդակների պատուհանները, կատարվել է տանիքի և նկուղի ջերմամեկուսացում, Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի լամպերը փոխարինվել են էներգախնայող LED լամպերով, նախատեսվում է մանկապարտեզը կահավորել նաև սպասք լվացող մեքենայով և էլեկտրական ջրատաքացուցիչներով: Մինչև 2019թ. դեկտեմբերը կիրականացվեն էներգաարդյունավետության բարելավման միջոցառումներ ևս 10 բազմաբնակարան շենքերում, որոնցից հինգում՝ ամբողջական ջերմամեկուսացման աշխատանքներ: Այս բոլոր գործողությունների արդյունքում հնարավոր կլինի Սպիտակի բազմաբնակարան շենքերում ապահովել մինչև 15-30 տոկոս էներգախնայողություն:

ՎԱԷՀՔ ծրագրի մասին
ՎԱԷՀՔ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Վայքի ու Սպիտակի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ: Այն մենկարկել է 2014 թվականի դեկտեմբերին և նպատակ ունի աջակցել նշված քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում իրականացնելով էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կիրառելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո նախանշված իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։ 
2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ, շուրջ 8,000 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։
Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արմենիան վերջին տարիներին իրականացնում է լայնածավալ, կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։
Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն ու ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։
Ապաստան շնորհելով՝ մենք հզորացնում ենք։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.habitat.am կայք:


Եվրոպական միության մասին
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ: