Տպել

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի անձնակազմը մեկ օրով մասնակցեց Կոտայքի մարզի Արգել համայնքի բնակիչ Վահագն Մխիթարյանի բնակարանային պայմանների բարելավմանը՝ անմիջականորեն ներգրավվելով շինարարական աշխատանքներում:
Այս նախաձեռնությամբ հիմնադրամը միացավ Հաբիթաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին, որոնց նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել բնակարանային աղքատության հիմնախնդրին և դրա դեմ պայքարելու համատեղ գործողություններ ձեռնարկել:   Նախաձեռնությունը նաև կարևոր խթան է՝ ուղղված Հայաստանում կամավորության զարգացմանը:
«Առաջնորդվելով այն տեսլականով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու պատշաճ պայմաններում՝ մենք խրախուսում ենք բոլոր տեղական, միջազգային և կորպորատիվ կազմակերպություներին, ինչպես նաև անհատներին միանալ նմանատիպ նախաձեռնություններին և օգնության ձեռք մեկնել վատթար պայմաններում ապրող ընտանիքներին»,- նշում է Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

«Շատ ողջունելի է, որ գոյություն ունեն նման կազմակերպություններ, որոնք աջակցում են մեզ ոչ միայն առկա բնակարանային ծրագրերով, այլև կամավորական աշխատանքներով: Այս տարի ևս երկու թիմ ենք հյուրընկակել Կանադայից և ԱՄՆ-ից»,- նշում է Գարեգին Ավագյանը:

Հաբիթաթ Արմենիայի 11 աշխատակիցների օգնությամբ կատարվեց տան պատերի հարթեցում, որը ևս մեկ քայլով մոտեցրեց Մխիթարյաններին իրենց՝ սեփական հարկի տակ ապրելու  վաղեմի երազանքին: