Տպել

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (ՀՖՀ Արմենիա) հիմնադրամը և «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ս.թ. օգոստոսի 1-ին կնքեցին Փոխառության պայմանագիր` ուղղված արևային ջրատաքացուցիչների և արևային վահանակների կիրառմանը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կողմից: Պայմանագիրը ստորագրեցին ՀՖՀ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը և «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը: 

Կազմակերպությունների երկկողմ համագործակցությամբ նախատեսված ծրագրի նպատակն է ցուցադրել Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կողմից արևային ջրատաքացուցիչների և արևային վահանակների (արևային սարքավորումներ) կենցաղային օգտագործման առավելությունները և նպաստել դրանց օգտագործմանը:  

«ՀՖՀ Արմենիա հիմնադրամը կարևորում է այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ստեղծումը ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար՝ հատկապես էներգիայի սակագնի անընդհատ աճի պայմաններում: Արևային էներգիայի կիրառումը թույլ կտա ընտանիքներին նվազեցնել իրենց կոմունալ վճարները: Ներկայում մեր կազմակերպությունն իրականացնում է մի քանի ծրագրեր՝ ուղղված տների և բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը և արևային էներգիայի կիրառմանը»,- նշեց ՀՖՀ Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

«Վերջին տարիներին գազի և էլեկտրական էներգիայի գների բարձրացման պայմաններում վատթարանում են բնակչության կենցաղային պայմանները: Սա, միանշանակ, նպաստում է երկրից բնակչության արտագաղթի տեմպերի շարունակական աճին: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ն իրականացնում է մի շարք սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց զուգահեռ ընկերությունը նախաձեռնել է բնակչության կոմունալ ծախսերի նվազեցմանն ուղղված նոր վարկային ծրագրի՝ Արևային ջրատաքացուցիչների ֆինանսավորման ծրագրի իրականացումը: Տվյալ ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ընկերության աշխատակիցներն անցել են համապատասխան մասնագիտական վերապատրաստում»,- նշեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Արևային սարքավորումների օգտագործումը համարվում է շահավետ և անմիջապես կապակցվում է Հայաստանի մասնավորապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենցաղային պայմանների բարելավման պահանջներին լուծումների համեմատաբար սահմանափակ հնարավորությունների հետ: Այն թույլ է տալիս տնային տնտեսություններին ունենալ մատչելի ջրատաքացման համակարգ տարվա մեծ մասի համար, որը կախված չէ ներմուծված և  թանկ էներգիայի աղբյուրների հետ:

Արևային էներգիայի օգտագործման ծախսերը, մասնավորապես այս դեպքում, ավելի շուտ են հետ վերադարձվում, քան մյուս այլընտրանքային աղբյուրների դեպքում: Արևային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ սարքերն այժմ ամենաարդյունավետն են. դրանց տեխնոլոգիան բավականին պարզ է և դրանք ունեն արդյունավետության ավելի բարձր ցուցանիշ: Ուստի, հաշվի առնելով էներգիայի թանկ սակագները՝ արևային ջրատաքացուցիչ վահանակներն ունեն բոլոր նախադրյալները և ներուժը՝ դառնալու վերականգնվող էներգիայի առաջնահերթ այլընտրանքը Հայաստանի ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: