Տպել

 

Երևան, 21 հունիսի, 2016: Այսօր ազդարարվել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 37 շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը: Վերանորոգման աշխատանքները կատարվել են «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից իրականացվող Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և «Դուրյան» համատիրության համաֆինանսավորմամբ և «Ինեկոբանկ» ՓԲԸ վարկավորմամբ:

Ծրագրի նպատակն է օժանդակել համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների պահպանմանը, վերանորոգմանը և էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքների իրականացմանը: Համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ՝ ծրագիրն աջակցում է համատիրություններին՝ օգտվելու մատչելի ֆինանսական ռեսուրսներից՝   շենքի ընդհանուր օգտագործման տարածքները բարեփոխելու նպատակով:

Շենքի վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն. 707 հազար  դրամ, որից 3 մլն. 820 հազար մասնաբաժինը տրամադրվել է որպես վարկ համատիրությանը Ինեկոբանկի կողմից՝ 3 տարի մարման ժամկետով, որի արդյունքում բնակիչները, բացի ամենամսյա պարտադիր նորմերով սահմանված վճարներից, լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չեն կրելու: Արդյունքում 52 բնակարանանոց շենքում նորերով են փոխարինվել 2 շքամուտքերի դռնեը, հարկաբաժիններում տեղադրվել են էներգաարդյունավետ պատուհաններ և դռներ, ինչպես նաև սենսորային լույսեր:  

«Մինչ այսօր սույն ծրագրի շրջանակներում Հաբիթաթ Արմենիան հաջողությամբ աշխատել է 10 շենքերի բնակիչների հետ 8 համատիրություններում, Երևանի և Վանաձորի քաղաքապետարանների հետ և համատեղ ջանքերով կատարել շենքերի վերանորոգման և  էներգաարդյունավետության բարձրացմանն  ուղղված աշխատանքներ: Հաբիթաթ Արմենիայի սույն ծրագրի միջոցով շուրջ 29 մլն ՀՀ դրամ գումար է ուղղվել բազմաբնակարան շենքերի բարեկարգմանը Հայաստանում, և յուրաքանչյուր տարի մենք մեր առջև ավելի մեծ խնդիրներ ենք առաջ քաշում»,- ասում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել ծրագրի մասնակից կողմերին և պարտավորվել հետևել, որպեսզի շենքում կյանքի կոչված ծրագիրը երկար տարիներ ծառայի նպատակին:

«Երևանի քաղաքապետարանն ու «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը վստահելի գործընկերներ են, որոնց համագործակցությունը միտված է ծրագրում ներառված շենքերի բնակիչների կեցության պայմանների բարելավմանը, և  հաջողված փորձի արդյունքում համատեղ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը:

Հաբիթաթ Արմենիան պատրաստ է աշխատել ցանկացած շահագրգիռ համատիրության հետ՝ համատեղ վերանորոգելու բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, իրականացնելու էներգաարդյունավետ միջոցառումներ շենքերում, որոնք ուղղված են շենքի պահպանմանը: