1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Երևան, 27 նոյեմբերի, 2015թ.: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա (ՀՖՀԱ) հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ազդարարվել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 9/1 բազմաբնակարան շենքում իրականացված էներգաարդյունավետության բարձրացման և մուտքերի վերանորոգման աշխատանքների ավարտը: Այդ առիթով շենքի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ղեկավար կազմի, ինչպես նաև համաֆինանսավորող բանկի ներկայացուցիչներն ու շենքի բնակիչները:

Հալաբյան 9/1 շենքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները կատարվել են ՀՖՀԱ հիմնադրամի կողմից իրականացվող Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ,  Երևանի քաղաքապետարանի 40 տոկոս համաֆինանսավորմամբ և «Աջափնյակ-1» համատիրության գործուն աջակցությամբ: Ծրագրի արժեքի 60 տոկոս մասնաբաժինը տրամադրվել է համատիրությանը բանկերից մեկի կողմից՝ 4.5 տարի մարման ժամկետով և 14 տոկոս տոկոսադրույքով: Բնակիչները, բացի ամենամսյա բնակվարձից, լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չեն կրելու: Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև նպաստել համատիրությունների աշխատանքի արդյունավետությանը: Ըստ այդմ, 132 բնակարանանոց շենքում նորերով են փոխարինվել շքամուտքի դուռը, հարկաբաժիններում տեղադրվել են մետաղապլաստե նոր պատուհաններ, շուրջ 200 քմ ծավալով ջերմամեկուսացվել է շենքի կոնսոլային մասը, նորոգվել է վերելակի մալուխային համակարգը, կողային հատվածները, հարկերում տեղադրվել են սենսորային լույսեր: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աջակցությամբ էլ փոխարինվել են սնուցող բոլոր համակարգերը, վահանակներն ու մալուխագծերը: Բնակիչները շնորհակալություն են հայտնել ծրագրի մասնակից կողմերին և պարտավորվել հետևել, որպեսզի շենքում կյանքի կոչված էներգախնայողության բարձրացման ծրագիրը երկար տարիներ ծառայի նպատակին:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ ծրագրեր է իրականացրել 12 բազմաբնակարան շենքերում, որոնցից 6-ում՝ էներգաարդյունավետության բարձրացման, ևս վեցում՝ ընդհանուր տարածքների բարեկարգման ուղղություններով:

Նյութը պատրաստել է Երևանի քաղաքապետարանի  տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունը 

  

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent