Տպել

Երևան, 18 մայիսի, 2015 թ.: Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը մայիսի 17-ին Սպիտակ քաղաքում մասնակցել են Գիտելիքների փոխանակման ֆորումին՝ ծանոթանալու քաղաքում պլանավորվող էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանն ուղղված միջոցառումներին:

Ֆորումը կազմակերպվել էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (ՀՖՀԱ) հիմնադրամի կողմից Սպիտակի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։ Այն ուղղված էր Սպիտակի բազմաբնակարան շենքերի բնակիչների շրջանում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 

Ֆորումին մասնակցում էին Սպիտակում ՎԱԷՀՔ ծրագրի թիրախային 27 բազմաբնակարան շենքերի բնակիչներ, Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցներ, Քաղաքապետերի դաշնագրի ներկայացուցիչներ, ՎԱԷՀՔ ծրագրի աշխատակազմը` մոտ 100 մասնակիցներ:  

Ֆորումի ընթացքում  անդրադարձ է կատարվել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին և վերականգնվող էներգիայի օգտագործման կարևորությանը, ներկայացվել է էներգաարդյունավետության ու էներգախնայողության լավագույն փորձը և ճիշտ վարքագիծը,  առաջարկներ և խորհուրդներ են տրամադրվել ցածր արժողությամբ էներգախնայող միջոցառումների վերաբերյալ: Ֆորումի ընթացքում ներկայացվել են Քաղաքապետերի դաշնագրի գլխավոր առաքելությունն ու գործառույթները, ՎԱԷՀՔ ծրագրի շրջանակներում Սպիտակում նախատեսված միջոցառումները, ինչպես նաև դրանցում բնակիչների դերն ու մասնակցության հնարավորությունները: Բնակիչներին ներկայացվել է քաղաքապետարանի կողմից մշակված Սպիտակ քաղաքի Կայուն էներգետիկ զարգացման  գործողությունների ծրագիրը և դրանից բխող գործողությունների շրջանակը: 

«Այս ծրագիրը շատ ողջունելի է էներգետիկայի աճող գների պայմաններում: Մեր նպատակն է անել ամեն ինչ հնարավորինս քիչ էներգիա ներմուծելու համար, և դրա միակ ճանապարհն է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Սակայն մինչ դա բոլորս պետք է մտածենք էներգախնայողության մասին, քանի որ 4-5 անգամ մատչելի է խնայել էներգիան, քան դա արտադրել: Դուք ձեր գրպանների վրա դրականորեն կգգաք այս ծրագրի արդյունքը: Հույս ունենք Սպիտակ և Վայք քաղաքները կդառնան օրինակելի մոդելներ Հայաստանի այլ քաղաքների համար ևս»,- նշել է Հ. Հարությունյանը

Տ. Հրիսթեայի խոսքով՝ էներգախնայողության միջոցառումներն առաջին հերթին միտված են կյանքի որակի բարելավմանը: «Ուստի Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում Հաբիթաթ Արմենիայի հետ համագործակցությամբ մենք որոշեցինք իրականացնել այս ծրագիրը՝ նպատակ ունենալով բարձրացնել էներգախնայողությունը՝ ի շահ բնակիչների: Հուսով եմ՝ այս ծրագիրը մեծ հաջողություն է գրանցելու Հայաստանում»,- ընդգծել է ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ ֆորումը հիանալի հնարավորություն է  բարձրաձայնելու բոլոր մտահոգող խնդիրների մասին:  

ՀՖՀ Արմենիայի ներկայացուցիչները պրակտիկ քննարկումներ են անցկացրել Սպիտակի բնակիչների հետ և ուղիներ մշակել բնակիչների մասնակցությամբ իրենց շենքերի, տների էներգաարդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ: Մասնակիցները ներկայացրել են էներգախնայողության հետ կապված սեփական բնակարանների խնդիրները:

Ֆորումն անցկացվել է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի  շրջանակներում, որը Եվրամիության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացնում է ՀՖՀ Արմենիա հիմնադրամը՝ Վայքի ու Սպիտակի քաղաքապետարանների հետ համատեղ:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերի: