1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Երևան, 24 փետրվարի, 2015 թ.: <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամը, <<Վիշեգրադ>> միջազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ կազմակերպել էր ազգային համաժողով՝ §Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և կառավարման արդի խնդիրներ. հեռանկարներ և օրենսդրական բարելավման առաջարկություններ¦ թեմայով: Համաժողովին մասնակցում էին ոլորտի շահագրգիռ կողմերը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, համատիրությունների հետ աշխատող տեղական իշխանությունները, համատիրությունները և քաղաքացիական հասարակության ինստիտուտները, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, քաղաքապետեր և քաղաքապետարանների, բանկերի ներկայացուցիչներ,  ինչպես նաև զարգացման ծրագրեր և հետազոտություններ իրականացնող այլ հաստատություններ:

Հանդիպման հիմնական նպատակն էր ոլորտի շահագրգիռ կողմերին ներկայացնել և քննարկել Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման, սպասարկման, էներգաարդյունավետության բարձրացման և շահագործման բնագավառում առկա խնդիրները, գրանցված հաջողությունները, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Առաջարկության փաթեթի կազմման աշխատանքերի վրա մեծ ազդեցություն է ունեցել Վիշեգրադյան երկրների և Ուկրաինայի կուտակած փորձի ուսումնասիրությունը և գիտելիքների ձեռքբերումը 2014թ. սեպտեմբերին տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի շրջանակներում: 

§Շատ կարևորում ենք նման միջոցառման իրականացումը: Միայն օրենսդրական ոլորտի բարելավումները և ենթաօրենսդրական ակտերի ընդունումը կարող են լուծում տալ բազմաբնակարան շենքերի պահպանության շահագործման և էներգաարդյունավետության խնդիրներին¦,- նշել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրապյանը:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան իրականացնում է ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների բարելավմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը, համատիրությունների կարողությունների զարգացմանը:

<<Հուսով ենք, որ առաջարկվող օրենսդրական բարելավումները կհանգեցնեն կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված ավելի մեծ կապիտալ ներդրումների,  ինչպես նաև բնակիչների դերի բարձրացմանը բազմաբնակարան՝ շենքերի կառավարման գործընթացում>>,- նշում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի Ծրագրերի տնօրեն Կարինե Մաիլյանը:
ՀՖՀ Արմենիան համագործակցում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ: Վերջիններիս հետ ստորագրված Փոխըմբռնման հուշագրերի համաձայն՝ քաղաքապետարանը մինչև 40% սուբսիդիա է տրամադրում այն համատիրություններին, որոնք ցանկանում են մասնակցել ՀՖՀ Արմենիայի կողմից իրականացվող ծրագրին և  բարելավել  շենքերի պայմանները և էներգաարդյունավետությունը, իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համատիրություններին տրամադրում է վարկային միջոցներ: Երևանում գործող բոլոր համատիրությունները, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց շենքերի էներգաարդյունավետությունը (մուտքերի պատուհանների և դռների տեղադրում, տանիքի վերանորոգում և ջերմամեկուսացում, պատերի մասնակի ջերմամեկուսացում և այլն), կարող են դիմել ՀՖՀ Արմենիայի գրասենյակ:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի մասին
Հաբիթաթ ֆոր Հյումենիթին քրիստոնեական, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է վերացնել անբավարար բնակարանային պայմաններն ամբողջ աշխարհում: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի ազգային գրասենյակն է Հայաստանում: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն իրականացնում է միկրոֆինանսական ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, իրականացնում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ համագործակցելով ֆինանսական կառույցների  հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թ-ից  ի վեր և մինչ օրս աջակցել է ավելի քան 3500 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկութունների համար այցելեք www.habitat.am: 
  

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent