1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը (ՀՖՀԱ) Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում (ԲԲՇԷԱԲ) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզե 6/3 և Արաբկիր վարչական շրջանի Հալաբյան 9/1 շենքերում իրականացրել է էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես, Ֆրունզե 6/3 շենքի շքամուտքերում տեղադրվել են պատուհաններ, կատարվել է տանիքի վերանորոգում, նախատեսվում է մուտքի դռների փոխում, շքամուտքերի վերանորոգում, ինչպես նաև վերջինններիս պատուհաններին հարակից հատվածում ջերմակայուն քարի տեղադրում:
Հալաբյան 9/1 շենքի շքամուտքերի ջարդված պատուհանները նույնպես փոխարինվել են նորով, նախատեսվում է իրականացնել շքամուտքերի վերանորոգում, առաջին հարկի ջերմամեկուսացում, մուտքի դռների վերանորոգում, շքամուտքերում սենսորային լույսերի տեղադրում, ինչպես նաև աստիճանների բազրիքների վրա փայտի տեղադրում:
Նշենք, որ աշխատանքների իրականացմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը` տրամադրելով 40 տոկոս համաֆինանսավորում, և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն` համատիրություններին տրամադրելով վարկեր:
ՀՖՀԱ-ի աշխատակիցն այցելել է վերոնշյալ շենքերի բնակիչներին` տեղում պարզելու նրանց կարծիքները կատարված աշխատանքների վերաբերյալ:
Ֆրունզե 6/3 շենքի բնակիչ Սուսաննա Ասոյանը նշում է` բնակարանում 4 հոգով են ապրում, վերջինս ջեռուցում են գազի կաթսայով: Մեր այցելության պահին նաև կաթսան էր անջատած. տկն. Սուսաննայի խոսքով` տաք ձմռան պատճառով օրվա մեծ մասը ջեռուցման սարքն անջատված է լինում, փոքր շարժական ջեռուցիչ են միացնում բնակարանի այն հատվածում, որտեղ նստում են: «Տանը երեխա չունենք. բնարակարանում բարձր ջերմաստիճան ապահովելու կարիք չի առաջանում»,- նշում է տկն. Սուսաննան և հավելում. «այս տարի միջանցքն էլ է տաք շքամուտքերում տեղադրված նոր պատուհանների օգնությամբ»: Նրա խոսքով` նախորդ տարիներին միջանցքում ձմռանն անհնար էր կանգնել, շքամուտքի ջարդված պատուհաններից ուժեղ քամի էր փչում, իսկ դուռը բացելուն պես այն բնակարան էր ներթափանցում: «Այս տարի նման խնդիր չունենք: Շատ գոհ ենք կատարված աշխատանքներից, սպասում ենք շարունակությանը: Աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո ավելի ակնհայտ կլինի մեր բնակարաններում էներգախնայողության հետ կապված փոփոխությունը»,- ընդգծում է տկն. Սուսաննան` բացի էներգախնայողությունից, կարևորելով նաև այն հանգամանքը, որ շենքի արտաքին տեսքը ևս հաճելի է դառնում: Տկն. Սուսաննան պարտաճանաչ կատարում է համատիրության վճարները և կարծում է` բնակիչներն իրենց համաձայնությունը կտան և վճարումները կկատարեն էներգախնայողությանն ուղղված մյուս աշխատանքների իրականացման համար:
Այս շենքի մեկ այլ բնակիչ` Աղավնի Հայրապետյանը, նույնպես դրական է գնահատում շքամուտքերի պատուհանների տեղադրումը: Տկն. Աղավնին և ընտանիքի մյուս 9 անդամներն ապրում են շքամուտքի պատուհաններին հարակից բնակարանում, որն ընդհանուր պատ ունի շքամուտքի հետ: Տանտիրուհու խոսքով` պատուհանների տեղադրումից հետո շատ մեծ տարբերություն կա, միջանցքում տաք է, հետևաբար, բնակարանի դուռը բացելուց սառը օդը ներս չի  թափանցում: «Շատ գոհ ենք, շատ լավ գործ են արել: Անցած տարիներին ձմռանը միջանցքի ջրաչափերը ցրտից պայթում էին, մեզ համար էլ լրացուցիչ գործ էր բացվում: Այս տարի նման խնդիր չենք ունեցել»,- ընդգծում է տկն. Աղավնին:
Հալաբյան 9/1 շենքի բնակիչները նույնպես գոհ են կատարված աշխատանքներից: Բնակիչներից Ալավերդի Թումասյանը նշում է` շքամուտքի պատուհանների տեղադրումից հետո տարբերությունն ակնհայտ է: Բնակարանում 3 հոգով են ապրում, այն ջեռուցում են գազի կաթսայի միջոցով: «Օրվա գրեթե մեծ մասը կաթսան անջատված է լինում: Այս տարի ձմեռը տաք էր, նաև շքամուտքի պատուհանների տեղադրումից հետո միջանցքում է շատ տաքացել»,- ընդգծում է պրն. Թումասյանը:
Նույն շենքի բնակիչներից Սուսաննա Սարգսյանը նշում է` նախորդ տարիներին ձմռանը միջանցքում կանգնել չէր լինում, շատ ցուրտ էր, որն էլ բնականաբար, բնակարան էր ներթափանցում: Տկն. Սուսաննան որոշել էր այս տարի փոխել սեփական բնակարանի դուռը` հինը տեղադրելով միջանցքում: «Սակայն, այդ տարի դրա կարիքը չեղավ. շքամուտքի պատուհանների տեղադրելուց հետո միջանցքում բավականին տաքացել է»,- ասում է տանտիրուհին և հավելում, որ 2 հոգով ապրում են 2 սենյականոց բնակարանում, և գազի կաթսայով կարողանում են նորմալ ջեռուցում ապահովել` նույնիսկ օրվա որոշ ժամերի անջատելով այն:  Տկն. Սուսաննան նաև առաջարկում է շենքում սենսորային լույսեր տեղադրել, էլեկտրական լարերն անտեսանելի դարձնել, կարծում է` բնակիչները համաձայն կլինեն համապատասխան վճարումները կատարել նմանատիպ աշխատանքների համար:
Այսպիսով, բնակիչների շրջանում արված հարցումները ցույց տվեցին, որ նրանք գոհ են Հաբիթաթ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված էներգախնայողությանն ուղղված աշխատանքներից, զգալի տարբերություն են զգում բնակարանների ջեռուցման և հարմարավետության հարցում: Այս ծրագիրը նաև բարձրացնում է համատիրության նկատմամբ բնակիչների հավատը՝ դրանով իսկ մեծ խթան է հանդիսանում համատիրությունների կայացման գործում: Փոխվստահության բարձրացման հետևանքով այդ շենքերի բնակիչները այսուհետ պատրաստ են իրենց երաշխավորությունը տալ համատիրության համար նմանատիպ այլ աշխատանքների իրականացման նպատակով:
Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կողմից:

 

Աշխատանքներից առաջ                                      Աշխատանքներից հետո

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent