Տպել

Երևան, 17 հոկտեմբերի, 2014: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Գևորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչները մեծ խանդավառությամբ նշում են իրենց շենքի երեք շքամուտքերի վերանորոգման և մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրման աշխատանքների ավարտը: Մուտքերի վերանորոգումն իրականացվեց Հաբիթաթ Արմենիայի և Ինեկոբանկի հետ համատեղ իրականացվող Բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը և էներգաարդյունավետության բարձրացման որոշակի աշխատանքները՝ նպաստելով համատիրությունների և բնակիչների դերի բարձրացմանը և բանկային ոլորտի՝ նման ծրագրերում ակտիվ ներգրավմանը: 

«Համատիրություն-բնակիչներ հարաբերությունները պետք է ամրապնդնդվեն: Շատ կարևոր է, որպեսզի բնակիչները հասկանան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների հետ կապված իրենց իրավունքները և պարտականությունները, որոնց համասեփականատերերը հենց իրենք՝ բնակիչներն են: Շատ ուրախ եմ, որ մեր այս նախաձեռնությանը ձեռք են մեկնել քաղաքապետարանները և ինքնակառավարման մարմինները, և, շնորհիվ մեր սերտ համագործակցության, մենք կարողացել ենք այսօր դրական արդյունքներ գրանցել, և ասել, որ ծրագիրը հաջողված է: Միայն վստահության, կամքի և համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր այս ծրագրի իրագործումը», - ասում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի Ծրագրերի տնօրեն Կարինե Մաիլյանը:

Գևորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչների կողմից երկար սպասված համատեղ ծրագիրն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի, Գևորգ Չաուշ համատիրության, Ինեկոբանկի և Հաբիթաթ Արմենիայի հետ սերտ համագործակցությամբ: Երևանի քաղապետարանը, ընդառաջ գնալով բնակիչների՝ ծրագրին մասնակցելու մեծ ցանկությանը, իրականացվել է  30% սուբսիդավորում, իսկ Շենգավիթ վարչական շրջանը  սուբսիդավորել է տոկոսագումարի մարումը:

Նույն ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արդեն իսկ վերանորոգվել են 3 շենքերի տանիքներ Վանաձորի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ:

«Ուրախ ենք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համատեղ ջանքերով բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն`Ինեկոբանկն այս նախագիծը դիտարկում է որպես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակը բարելավելու փայլուն հնարավորություն», -նշեց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի կառավարիչ Հայկ Գասպարյանը: 

 

Հաբիթաթ Արմենիան պատրաստ է աշխատել ցանկացած շահագրգիռ համատիրության հետ՝ համատեղ վերանորոգելու բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները: