Տպել

                                                   

Պատշաճ և մատչելի տուն՝ աղքատության դեմ պայքարի բանալին

Համաշխարհային Հաբիթաթի օրվա շրջանակներում Երևանում  բրիտանական դեսպանատան աշխատակիցները դեսպան Քեթի Լիչի ղեկավարությամբ միացել են Հաբիթաթ Արմենիայի մեկօրյա շինարարությանը՝ բարելավելու Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում փոքր, աղքատ, ոչ պատշաճ բնակարանային պայմաններում ապրող Եգանյանների տան պայմանները: Հաբիթաթ Արմենիայի  և Նոր Հորիզոն ՈւՎԿ-ի հետ համատեղ իրականացվող «Հույս կանանց կողմից ղեկավարվող ընտանիքներին» բնակարանային միկրոֆինանսական ծրագրի շրջանակներում Եգանյանները կկարողանան ընդլայնել իրենց տունը և ստեղծել հարմարավետ պայմաններ: Դեսպանատան տասնութ աշխատակիցները և կամավորները կմասնակցեն մեկօրյա շինարարությանը և գործընկեր ընտանիքի հետ ձեռք ձեռքի տված կիրականացնեն տան ներքին պատերի ծեփման և հարթեցման աշխատանքներ:

Համաձայն Միավորված Ազգերի կազմակերպության տվյալների՝ այսօր 1,6 միլիարդ մարդ աշխարհում բնակվում է ոչ պատշաճ բնակարանային պայմաններում: Աղքատ բնակարանային պայմանները հանգեցնում են վատ առողջության, թույլ կրթության և ֆիզիկական ապահովության և այլ խնդիրների: Լայնամասշտաբ հետազոտությունները վկայում են, որ տան պայմանների բարելավումը կոտրում է աղքատությունը:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2000թ.-ից մինչ այսօր աջակցել է ավելի քան 3500 ընտանիքների իրենց բնակարանային պայմանների բարելավման գործում, ինչպես ֆինանսապես, այնպես էլ շինարարական խորհրդատվությամբ:

«Աղքատ բնակարանային պայմանների դեմ հնարավոր է պայքարել միայն համատեղ ուժերով, գործընկերության միջոցով: Այսօր Երևանում Բրիտանական Դեսպանատան ուշադրությունը և արձագանքը աղքատ բնակարանային պայմաններին շատ կարևոր է, և հավատում ենք, որ այն կլինի վարակիչ օրինակ այլ կառույցների և ընկերությունների համար»,- նշում է Կարինե Մաիլյանը, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի ծրագրերի տնօրենը:

«Մենք ուրախ ենք աջակցել այս նախաձեռնությանը և դեսպանատան բոլոր աշխատակիցները մեծ ոգևորությամբ են մասնակցում շինարարությանը, քանի որ գիտեն,
 որ իրենց աշխատանքի շնորհիվ մեկ ընտանիք ևս կապրի հարմարավետ և ամուր տանիքի տակ»,- նշում է Քեթի Լիչը, Երևանում Բրիտանական դեսպանը: