1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

 Սույն թվականի հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին Անի պլազայի Դվին դահլիճում տեղի ունեցավ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում ծրագրին (ԲԲՇԷԱԲ) նվիրված կլոր սեղան-քննարկում: Արդեն երրորդ անգամ Հայաստանում այս ծրագրի շրջանակներում մեկ սեղանի շուրջ են հավաքվել բազմաբնակարան շենքերի համար պատասխանատու և շահագրգիռ կողմերը՝ քննարկելու և համակցված ջանքերով լուծելու Հայաստանում բազմաբնակարան շենքերում կուտակված խնդիրները: Կլոր սեղանին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից, քաղաքապետարաններից, միջազգային կազմակերպություններից, համատիրություններից, մասնավոր հետազոտական ընկերություններից, ինչպես նաև բանկից:

ԲԲՇԷԱԲ ծրագրի նպատակն է մշակել կենսունակ ֆինանսական մոդել, որը թույլ կտա համատիրություններին, բնակիչներին, քաղաքապետարաններին, ֆինանսական կառույցներին և այլ շահագրգիռ մարմիններին իրականացնել բազմաբնակարան շենքերի  ջերմամեկուսացման աշխատանքներ: 

"Հաշվի առնելով էներգակիրների տարեց տարի թանկացումը` բնակարանների ջերմամեկուսացումը հետզհետե դառնում է ավելի պահանջված միջոցառում: Ծրագրի շրջանակներում կենսունակ մոդելի ստեղծումը թույլ կտա չսահմանափակվել 1 կամ 2 շենքերում իրականացվող աշխատանքներով, այլև տարածել բոլոր այն շենքերում, ուր դրա անհրաժեշտությունը առկա է",-նշում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի տարածաշրջանային գրասենյակի ԲԲՇԱ ծրագրի տնօրենը` Յոխիմ Րամակերսը: 

Կլոր սեղանի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների՝ համատիրությունների ինստիտուցիոնալ կարողությունների և բնակիչների հնարավորությունների և հետաքրքության վերաբերյալ արդյունքերը: Համաձայն նշված ուսումնասիրությունների,  ծրագրի իրականացման համար կան դեռևս որոշակի խոչընդոտներ, դրանց թվում կարևորվում են՝ երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակը, էներգախնայողության ոլորտի իրազեկվածության ցածր մակարդակը, բնակիչների կողմից հավելյալ վճարներ կատարելու ցանկության բացակայությունը, համատիրությունների ինստիտուցիոնալ թույլ կարողությունները:

"Համատիրություններն իրապես ցանկանում են մեծածավալ աշխատանքներ կատարել, քանի որ շենքերը դեռևս անմխիթար վիճակում են, սակայն միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է և՛ քաղաքապետարանի, և՛ թաղապետարանի աջակցությունը", նշեց Նոր Նորք 1/8 համատիրության նախագահ Մարինե Մանուկյանը: 

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրապյանը նշեց. "Նախարարությունը օժանդակել է ծրագրին և կշարունակի նպաստել տարբեր միջոցառումների իրականացմանը, քանի որ էներգաարդյունավետությունը և Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենսդրությունը նախարարության ուշադրության կենտրոնում են": 

Քննարկման ընթացքում հնչեցին տարբեր առաջարկներ՝ կատարել օրենսդրական բարեփոխումներ, բարձրացնել հանրության իրազեկվածությունը, իրականացնել առավել ծավալուն և հանգամանալի հետազոտություններ այլ քաղաքներում և այլն:

Քննարկման արդյունքում առաջարկ հնչեցվեց Հաբիթաթ Արմենիայի կողմից՝ ծրագրին մասնակցելու հետաքրքրություն ունեցող համատիրությունները բնակիչների հետ միասին կարող են բարձրացնել որևէ շենքի էներգաարդյունավետությունը (պատուհանների և դռների փոխում, տանիքի վերանորոգում, ջերմամեկուսացում և այլն)` դիմելով  Հաբիթաթ Արմենիայի գրասենյակ: 

Ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID),Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կողմից:        

 

         

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent