1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Երեւանի քաղաքապետարանում ապրիլի 25-ին տեղի ունեցավ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրին (ԲԲՇԷԱԲ) նվիրված կլոր սեղան-քննարկում: Վերջինիս մասնակցում էին քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, նշված վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը, քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, ԲԲՇԷԱԲ ծրագրի ղեկավար Կարեն Ասատրյանը, 29  համատիրությունների ղեկավարներ եւ լիազորված անձինք:
Կառլեն Ղազարյանը ողջունեց կլոր սեղան-քննարկման մասնակիցներին` նշելով, որ այն հնարավորություն կտա արդյունավետ քննարկում ծավալել ՀՖՀ Արմենիա հիմնադրամի ԲԲՇԷԱԲ ծրագրի վերաբերյալ, որի իրականացումը շահեկան կլինի բնակիչների համար: Նրա խոսքով` քննարմանը մասնակցելու համար ընտրվել են այն համատիրությունները, որոնք առավել ակտիվ են գումարների հավաքագրման մակարդակով եւ շահագրգռված են նոր, արդյունավետ ծրագրերի իրականացմամբ: Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել 30 տոկոս սուբսիդիա, եւ քաղաքապետարանի աշխատակիցները պատրաստ են ծրագրի իրականացման հետ կապված ցանկացած հարցով հանդիպումներ ունենալ համատիրություններում: Կ. Ղազարյանը մատնանշեց հիմնադրամի մեկ այլ ծրագրի` §Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման¦ ծրագրի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանում  ընտրված շենքի
վերանորոգումը, որն իրականացվում է Գեւորգ Չաուշ համատիրության մասնակցությամբ` շեշտելով, որ դա պետք է վարակիչ լինի մյուս համատիրությունների համար եւս:                                                                                                                      
Կարեն Ասատրյանը քննարկման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց ՀՖՀ Արմենիա հիմնադրամի առաքելությունը եւ իրականացվող ծրագրերը, մանրամասն անդրադարձավ ԲԲՇԷԱԲ ծրագրին, դրա ստեղծման նախապատմությանը, առավելություններին եւ ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված նախագծերին:
Համատիրությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց մտահոգությունները եւ հանդես եկան առաջարկություններով: Մտահոգությունների մեծ մասը վերաբերում էր բնակիչների վճարունակության հետ, փակ դռների խնդրի հետ, տոկոսադրույքի բարձր լինելուն, սեփականության գրավադրմանը եւ այն հանգամանքին, որ բնակիչներից գումարների հավաքագրումը բարձր մակարդակի վրա չէ: Համատիրության ղեկավարների մեծամասնության կողմից նշվեց, որ ամբողջական ջերմամեկուսացման աշխատանքներ իրականացնելը կլինի բավականին դժվար՝ հաշվի առած վերոնշյալ մտահոգությունները, իսկ մասնակի ջերամամեկուսացման և բարեկարգման աշխատանքների իրականացումը գնահատվեց, որպես հեռանկարային և իրատեսական ծրագիր:
Եղան առաջարկություններ բանակցել այն բանկերի կամ խանութների հետ, որոնք ինչ-որ շենքի մաս են կազմում` ֆինանսավորման առումով նրանց եւս ներգրավելու ծրագրի իրականացման գործում:
Կարեն Ասատրյանը եւ Վանուշ Զեյնալյանը կոչ արեցին համատիրությունների ղեկավարներին բացատրել բնակիչներին, որ նրանք վճարումները պետք է կատարեն էներգախնայողության արդյունքում իրենց խնայած գումարներից: Կ. Ասատրյանը առաջարկեց նաև առանձին հանդիպումներ ունենալ բնակիչների հետ տեղերում՝ ծրագրի առավելությունները ներկայացնելու համար:
Համատիրության ղեկավարները հայտնեցին իրենց հետաքրքրությունը ծրագրին մասնակցելու համար, իսկ որոշ համատիրության ղեկավարներ խոստացան ակտիվորոն աշխատել բնակիչների հետ իրենց շենքերը ծրագրում ընդգրկելու համար:
Վ. Զեյնալյանն առաջարկեց ստեղծել միասնական ռեեստր եւ համատիրությունների ղեկավարներին խնդրեց կապի մեջ լինել հիմնադրամի եւ քաղաքապետարանի աշխատակիցների հետ` գրանցելու յուրաքանչյուր նախաձեռնություն, առաջընթաց` կապված ծրագրին մասնակցելու հետ:

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent