Տպել

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մարտի 27-ին տեղի  ունեցավ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա (ՀՖՀԱ) հիմնադրամի, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող՝ Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրին (ԲԲՇԷԱԲ) նվիրված կլոր սեղան-քննարկում: Վերջինիս մասնակցեցին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, նախարարության ոլորտի պատասխանատու այլ աշխատակիցներ, ՀՖՀԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը, ԲԲՇԷԱԲ ծրագրի ղեկավար Կարեն Ասատրյանը, քաղաքապետեր եւ մարզպետարանների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում հակիրճ ներկայացվեց ՀՖՀ Արմենիայի ծրագրերը և մանրամասն ԲԲՇԷԱԲ ծրագիրը, որի նպատակն է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար մեղմել էներգակիրների թանկացման ազդեցությունը: Հատկանշական է նշել, որ մեր տարածաշրջանի երկրների մեծ մասում բազմաբնակարան շենքերի ջեռուցման վրա ծախսվում է կրկնակի անգամ ավել գումարներ,  քանի որ նախկին շինարարական և ջեռուցման մեթոդաբանություններն ուղղված չէին էներգաարդյունավետությանը:
՛՛Հայաստանի բնակարանային ֆոնդի շուրջ 23%-ը բաղկացած է պանելային բազմահարկ շենքերից, որոնք սովորաբար ջերմամեկուսացված չեն, որի արդյունքում էներգիայի աճող գները գնալով ծանր ազդեցություն են ունենում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա: Այդ իսկ պատճառով այսօր բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետությանն ուղղված ջանքերը հրատապ և համակարգային լուծում են պահանջում”,- նշեց Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի տնօրեն Լուիզա Վարդանյանը:
“Հաշվի առնելով էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների կիրառման կարևորությունն ու արդիականությունը` ՀՀ կառավարության կողմից մի շարք միջոցներ են ձեռնարկվում Էներգաարդյունավետության և էներգախնայողության օրենսդրական և նորմատիվատեխնիկական դաշտի կատարելագործման, բնագավառում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման, շենք-շինություններում էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի իրականցման ուղղությամբ: Այս համատեքստում, նախարարությունը ողջունում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա կազմակերպության նախաձեռնությունը՛՛,-նշեց Քաղաքաշինության փոխնախարար Ա. Կարապետյանը:
Կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին ծրագրին առնչվող մանրամասներ` ներկայացնելով իրենց մտահոգությունները և սպասելիքները: Քննարկման արդյունքում առաջարկվեց բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով հանդիպումներ կազմակերպել քաղաքապետարաններում համայնքի ղեկավարի, բնակիչների, ինչպես նաև համատիրության ներկայացուցիչների հետ:
ՀՀ քաղաքաշինության փոխնախարարն առաջարկեց նաև մասնակիցներին մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց  առաջարկությունները, որոնք էլ կփոխանցվեն ՀՖՀ Արմենիա հիմնադրամին: