1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հոկտեմբերի 1. Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան նշում է Հաբիթաթի համաշխարհային օրը

Կոչ աջակիցներին. նվիրաբերեք՝ անբավարար բնակարանային պայմանները վերացնելու համար

Երևան, 1 հոկտեմբերի, 2012թ.: Հաբիթաթի համաշխարհային օրվա կապակցությամբ Հաբիթաթ ֆոր Հյումենիթին ամբողջ աշխարհով մեկ հարյուրավոր միջոցառումներ է կազմակերպում՝ անբավարար բնակարանային պայմանների վերացման խնդրին և աշխարհում արժանապատիվ բնակարանային պայմանների կարիքի բավարարմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և խնդրի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Հաբիթաթի համաշխարհային օրը, որն այս տարի նշվում է հոկտեմբերի 1-ին, հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ քաղաքների և մեգապոլիսների դրության և բոլոր մարդկանց համար պատշաճ կացարանի հիմնարար իրավունքի ապահովման վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:

Այս տարի, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը (ՀՖՀԱ) կոչ է անում իր աջակիցներին նվիրատվություն կատարել ՀՖՀԱ-ին՝ հետևյալ ինտերնետային էջ մուտք գործելու միջոցով՝ www.habitat.org/donate/armenia : Այս վիրտուալ խնդրագրով առանցքային որոշում կայացնողներին առաջարկվում է ճանաչել բնակարանային խնդրի կարևորությունը բոլոր համայնքներում, գերակա խնդիր դարձնել մատչելի ու պատշաճ բնակարանային պայմանների ապահովումը և կանխել այն համակարգերի և քաղաքականությունների կիրառումը, որոնք հանգեցնում են անբավարար բնակարանային պայմանների առաջացմանը:

«Հաշվի առնելով ընտանիքների մեծ թիվը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում գտնելու մի պատշաճ կացարան, որը կարող են տուն անվանել, Հաբիթաթի համաշխարհային օրը կարևորվում է  նրանով, որ բարձրաձայնում է այն մասին, թե ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ անբավարար բնակարանային պայմաններն ամբողջ համայնքի վրա՝ լինի այն քաղաքային թե գյուղական»,- հայտարարել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Ռեքֆորդը: «Բնակության համար անբավարար պայմաններով կացարանների խնդրի վերջնական լուծման գրավականը պետական, մասնավոր և սոցիալական հատվածների համատեղ աշխատանքն է՝ ի օգուտ բոլոր կողմերի: Բոլորի համար բարելավված բնակարանային պայմանների ապահովման աշխատանքի շուրջ համախմբումը կօգնի ստեղծել մի աշխարհ, ուր յուրաքանչյուր ոք ունի բնակության արժանապատիվ վայր»:

«Մեր ուսումնասիրությունների հիման վրա պետք է ցավով նշենք, որ Հայաստանում գյուղական համայնքներում գրեթե ամեն երկրորդ ընտանիքն ապրում է բնակության համար անբավարար պայմաններով կացարանում»,- նշեց Լուիզա Վարդանյանը, ՀՖՀԱ-ի գործադիր տնօրենը: «ՀՖՀԱ-ի նպատակն է 2013 ֆինանսական տարվա ընթացքում աջակցել ևս 960 ընտանիքի»:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի կողմից 2012թ. Հաբիթաթի համաշխարհային օրվա համար ընտրված խորագիրը՝ «Շատ տներ, մեկ համայնք» ինքնին մատնանշում է այն կարևորագույն դերը, որ արժանապատիվ և մատչելի կացարաններն ունեն համայնքի կայունության և զարգացման գործում: 

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Հաբիթաթ ֆոր Հյումենիթին և նրա ազգային գրասենյակները ամբողջ աշխարհում կազմակերպելու են Հաբիթաթի համաշխարհային օրվան նվիրված հարյուրավոր միջոցառումներ, ներառյալ շինարարական մեկօրյակներ, ֆլեշմոբեր, շքերթներ, բնակարանային պայմաններին նվիրված ֆորումներ և նմանօրինակ միջոցառումներ՝ ապահով, արժանապատիվ և մատչելի կացարանի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու համար:

Միավորված ազգերի կազմակերպությունը դեռևս 1985թ. հռչակեց, որ Հաբիթաթի համաշխարհային օրը նշվելու է յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը՝ ամբողջ աշխարհում պատշաճ կացարանի խնդրին անդրադառնալու նպատակով: Ամեն տարի այդ օրը Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի ազգային գրասենյակներն իրենց միասնական ձայնն են բարձրացնում և քայլեր ձեռնարկում փոխելու այն համակարգերը, քաղաքականություններն ու մոտեցումները, որոնք հանգեցնում են անբավարար բնակարանային պայմանների առաջացմանը, ինչպես նաև գործընկերներին ներգրավում են ոլորտի խնդիրները լուծելու գործընթացում:

Այս տարի հոկտեմբերի 14-18-ը Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան կազմակերպում է այցելություն ԱՄՆ (Կալիֆորնիա և Միչիգան նահանգներ), որտեղ հանդիպումներ կկայանան սփյուռքահայ համայնքի և հայկական եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվելու է Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի տասներկու տարիների աշխատանքի աննախադեպ արդյունքները Հայաստանում` մատչելի բնակարանային լուծումների միջոցով ապահով և պատշաճ կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու գործում: Այցելությունների նպատակն է նաև հայկական համայնքների հետ հաստատել և զարգացնել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ Հայաստանում ցածր եկամուտ ունեցող առավել մեծ թվով ընտանիքներին մատչելի և պատշաճ կացարանով ապահովելու համար:

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent