Տպել

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա (ՀՖՀ Արմենիա) հիմնադրամը 2013 ֆինանսական տարվա ընթացքում (2012թ. հուլիսի 1-ից 2013թ. հունիսի 30-ը) օժանդակել է 1,413 ընտանիքների ՀՀ-ում՝ տների և բազմաբնակարան շենքերի վերանորոգման և վերակառուցման միջոցով, որը 46%-ով գերազանցում է ծրագրվածից։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում ՀՖՀ Արմենիան յուրաքանչյուր վեց ժամը մեկ բարելավել է մեկ հայ ընտանիքի կենսապայմանները:
«Ես այնքան հպարտ եմ, որ անգամ այս տնտեսապես դժվար ժամանակներում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան կարողանում է օժանդակել ավելի մեծ թվով հայ ընտանիքների բարելավելու իրենց բնակարանային պայմանները և նպաստել ՀՀ-ում աղքատ բնակարանային պայմանների վերացմանը»,- ասում է Լուիզա Վարդանյանը, ՀՖՀ Արմենիայի գործադիր տնօրենը:
Ներկայումս ՀՖՀ Արմենիան աշխատում է հետևյալ ծրագրային ուղղություններով՝ Բնակարանային միկրոֆինանսավորում, Մետաֆինանսավորում բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման համար, Բնակարանային ոլորտում աջակից ծառայություններ և Աղետների ռիսկի նվազեցում և արձագանքում:
ՀՖՀ Արմենիան հրատարակել է բնակարանային պայմանների բարելավման աշխատանքների տեխնիկական օժանդակության ուղեցույցները, որոնք պարունակում են Հայաստանի բնակարանների շինարարությանն ու վերանորոգմանն առնչվող ամենահաճախ հանդիպող խնդիրների լուծման վերաբերյալ խորհուրդներ։ ՀՖՀ Արմենիան 2013 ֆինանսական տարվա ընթացքում տրամադրել է 150 մարդու բնակարանային պայմանների բարելավման աջակից ծառայություններ (ֆինանսական միջոցների կառավարման ուսուցում  և շինարարության տեխնիկական խորհրդատվություն):
Որպես Աղետների կառավարման թիմի անդամ՝ ՀՖՀ Արմենիան սկսել է լուրջ դերակատարում ունենալ Աղետների ռիսկի նվազեցման և արձագանքման ազգային պլատֆորմի հետագա զարգացման գործում։

2013թ. ՀՖՀ Արմենիան, համագործակցելով ՀՖՀ Ինթերնեյշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ, համատեղ սկսել է իրականացնել Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման երկամյա ծրագիրը՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին:
«Մի կողմից մենք աշխատում ենք ընտանիքի հետ՝ տրամադրելով նրան տան վերանորոգման նպատակով մատչելի վարկային միջոցներ, ինչպես նաև ֆինանսական և շինարարության գծով կրթություն, մյուս կողմից մենք զարգացնում և բարձրացնում ենք ֆինանսական հաստատությունների դերը՝ ներգրավելով վարկային կազմակերպություններին և բանկերին աղքատ բնակարանային պայմանների վերացման գործընթացում»,- նշում է Կարինե Մաիլյանը, ՀՖՀ Արմենիայի Ծրագրերի տնօրենը:
ՀՖՀ Արմենիան 2013 ֆինանսական տարվա ընթացքում հյուրընկալել է  Գլոբալ Վիլիջ ծրագրով Հայաստան ժամանած չորս միջազգային կամավորական խմբերի, ինչպես նաև իրականացրել է երկօրյա շինարարություն Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա կազմակերպության ղեկավար անձնակազմի հետ:
«Մենք անչափ շնորհակալ ենք մեր նվիրատուների, գործընկերների, կամավորների և աջակիցների ներդրումների համար, որոնց շարունակական աջակցության շնորհիվ Հաբիթաթը կարողանում է կառուցել տներ և հույս սերմանել մարդկանց սրտերում: Մենք կոչ ենք անում տեղի մեծահարուստներին, մասնավոր կազմակերպություններին համագործակցել մեզ հետ ՀՀ-ում աղքատ բնակարանային պայմանների վերացման առաքելության գործում»,-նշում է Սեդա Արզումանյանը, ՀՖՀ Արմենիայի Ռեսուրսների զարգացման ղեկավարը: