Տպել

Հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը հյուրընկալեց առաջին անգամ Հյուսիսային Իռլանդիայից ժամանած կամավորների երիտասարդական թիմին Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում: Վերջին  մեկ շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորները ձեռք-ձեռքի տված Հաբիթաթի գործընկեր ընտանիքին` Լուսաձոր գյուղի բնակիչ Արսեն Եգանյանի ընտանիքին, ոգևորությամբ ներգրավված են տան վերանորոգման աշխատանքներին:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի հետ համագործակցելով է, որ Եգանյանների ընտանիքը վերջապես կկարողանա վերջացնել իրենց տան վերանորոգումը, ինչը չի հաջողվել իրականացնել տարիներ շարունակ: Շինարարական աշխատանքների ավարտը կեզրափակվի Արսեն Եգանյանի տան օրհնության արարողությամբ, որը կիրականացվի Հայ Առաքելական եկեղեցու Իջևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանի կողմից:
Սկսած 2010թ., ապրիլ ամսից Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Նոր Հորիզոն ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացնում է բնակարանային միկրոֆինանսավորման ծրագիր Հայաստանի ողջ տարածքում, մասնավորապես Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի նպատակն է աջակցել ցածր եկամուտ ոնեցող անբարենապաստ պայմաններում ապրող ընտանիքներին բնակարանային կարիքների լուծման գործում:
Գլոբալ Վիլիջը մի ոգևորող փորձառություն է, որի շուրջ համախմբվում են տարբեր երկրներից և Հայաստանից կամավորները, Հաբիթաթի ընտանիքները, և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի անձնակազմը` գործընկեր ընտանիքներին տալու հարմարավետ բնակարաններ ունենալու հնարավորություն: Հաբիթաթի Գլոբալ Վիլիջ ծրագիրը իր մասնակիցներին տալիս է հնարավորություն ճանապարհորդելու աշխարհով մեկ և ձեռք ձեռքի կառուցելու Հաբիթաթի գործընկեր ընտանիքների հետ, ովքեր կարիք ունեն բարելավելու իրենց բնակարանային պայմանները: