1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիան միանում է Համաշխարհային Հաբիթաթի օրվա տոնակատարություններին՝ նշելով աշխարհում Հաբիթաթի 500 000 և 500 001-րդ տների կառուցումը

Երևան, 3 հոկտեմբերի, 2011թ.: Հոկտեմբերի 3-ին Հաբիթաթը նշելու է մի շատ կարևոր ձեռքբերում՝ Կենիայի Մաայ Մահիու գյուղում հանձնելով աշխարհում իր կողմից կառուցված արդեն իսկ 500 000-րդ տունը. միաժամանակ, այդ օրը կսկսվի հինգ հարյուր հազար մեկերորդ տան կառուցումը ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փեթերսոն քաղաքում: Միանալով աշխարհում Հաբիթաթի միջազգայի օրվան նվիրված տոնակատարություններին, Հայաստանում այս նշաձողի հաղթահարումը նշելու են նաև Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի (ՀՖՀԱ) գործընկեր ընտանիքները: 

ՀՖՀԱ-ն Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ կազմակերպության՝ աշխարհի տարբեր երկրներում գործող ավելի քան 2300 ազգային գրասենյակներից է, որն իր ներդրումն է ունեցել այս նշակետին հասնելու գործում՝ Հայաստանում 2000թ. ստեղծվելուց ի վեր կառուցելով և վերանորոգելով ավելի քան 750 տուն և բնակարան:

ՙՀՖՀԱ-ն 2012 ֆինանսական տարում իր առջև նպատակ է դրել ծառայելու մոտ 450 ընտանիքի, իսկ 2013թ. մտադրված ենք կրկնապատկել այդ թիվը՚,- ասաց ՀՖՀԱ-ի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

Այս ՙհոբելյանական՚ տների կառուցումը մատնանշում է Հաբիթաթի գործունեության շրջանակի կայուն աճը և կարողությունը օգնելու առավել մեծ թվով կարիքավոր ընտանիքների՝ ապրելու պատշաճ և մատչելի կացարաններում: Դեռևս 2005թ. Հաբիթաթը նշեց իր կողմից կառուցված 200 000-րդ տան հանձնումը: Ընդամենը վեց տարի անց, Հաբիթաթն ավելի քան կրկնապատկեց իր կողմից կառուցված, վերականգնված, վերանորոգված և վերակառուցված տների թիվը:

ՙՍա վառ ապացույց է, թե Աստծո օգնությամբ ինչ ուժ կարող են ունենալ մարդիկ, եթե լծվեն տներ ու համայնքներ կառուցելու և դրանով իսկ հույսի ճրագը վառ պահելու գործին՚,- ասաց Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Ռեքֆորդը: ՙԵս երախտապարտ եմ բոլոր այն կամավորներին, նվիրատուներին և բնակարանային պայմանների բարելավման գործի ջատագովներին, որոնք կիսում են մեր տեսլականը՝ ունենալու մի մոլորակ, որտեղ բոլորն ապահովված են պատշաճ կացարանով՚,- հավելեց Ռեքֆորդը:

Կենյայում Հաբիթաթը կավարտի 500 000-րդ տան կառուցումը հոկտեմբերի 3-ին: Կառուցմանը մասնակցել են ընտանիքներ, որոնք տեղահանվել էին երկրում 2007թ. հետընտրական խժդժությունների արդյունքում սանձազերծված բռնությունների հետևանքով: Նույն օրը, Հաբիթաթի կամավորների ձեռքերով Նյու Ջերսի նահանգի Փեթերսոն քաղաքում վեր կխոյանան Հաբիթաթի կողմից կառուցվող կես միլիոն և մեկերորդ տան պատերը: Տունը կկառուցվի քաղաքի այն թաղամասում, որտեղ Հաբիթաթը նման ծրագրեր է իրականացնում դեռևս 1984 թվականից:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթին համաշխարհային կազմակերպություն է, որը գործում է մոտ 80 երկրում, ներառյալ՝ ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգները, Կոլումբիայի շրջանը (ք. Վաշինգտոն), Գուամը և Պուերտո Ռիկոն: Հաբիթաթի շնորհիվ յուրաքանչյուր 7 րոպեն մեկ աշխարհում մեկ ընտանիք բարելավում է իր բնակարանային պայմանները: Միայն 2010թ. Հաբիթաթը օժանդակել է տարվա կտրվածքով իր համար ռեկորդային թիվ կազմող 74960 կարիքավոր ընտանիքի:
 

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent