Տպել

Հաբիթաթը ձեռնամուխ է լինում Սպիտակի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի 2010թ.։ Սովետական Հայաստանի առաջատար արդյունաբերական կենտրոններից մեկը համարվող Սպիտակ քաղաքը մեծապես տուժեց 1988թ. դեկտեմբերի աղետալի երկրաշարժից, որի արդյունքում Հայաստանի հյուսիսային շրջաններում մոտ 500 000 մարդ անօթևան մնաց։ Քսաներկու տարի անց երկրաշարժից տուժած շատ ընտանիքներ դեռևս  շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում կամ վթարային շենքերում։

Հաբիթաթի համաշխարհային օրը, որը հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպ;ության կողմից՝ բնակարանային անբավարար պայմանների խնդրի նկատմամբ աշխարհի ուշադրությունը գրավելու նպատակով, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան (ԱՖՀԱ) միացավ Հաբիթաթի համաշխարհային ընտանիքին՝ բնակարանային անբավարար պայմանների և  տնանկության դեմ կոնկրետ գործողությունների միջոցով պայքարելու համար։

Այս տարի ՀՖՀԱ–ն այդ օրը նշվեց Սպիտակի բնակիչ Սերգո Ղազարյանի տանը պատերի ներքին երեսպատման և ներկման  աշխատանքներ իրականացնելով։ Հաբիթաթի նախաձեռնությանը միացան Սպիտակի քաղաքապետը, Քաղաքաշինության նախարարության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի ուսանողները։

Հաբիթաթի՝ տների և բնակարանների վերանորոգման  ծրագրի նպատակն է մատչելի բնակարանային պայմաններ ստեղծել 1988թ. երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ ՀՖՀԱ–ն «Նոր Հորիզոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ–ի հետ միասին Սպիտակի կարիքավոր ընտանիքներին առաջարկում է մատչելի վարկեր՝ իրենց բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Ծրագիրը ՀՖՀԱ–ն մեկնարկել է 2010թ. մարտին, և այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ աջակցել է 18 ընտանիքի։ «Հաջորդ տարվա կեսերին հույս ունենք օժանդակություն ստացող ընտանիքների թիվը հասցնել 35–ի»,– ասաց ՀՖՀԱ–ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Լուիզա Վարդանյանը։

«Անվտանգ և ապահով տունը ավելին է, քան սոսկ ապաստան բնության աղետներից։ Այն նաև պատնեշ է հիվանդություններից՝ ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի համար։ Հաբիթաթը ձգտում է հասնել նրան, որ անբավարար բնակարանային պայմաններն ու տնանկությունը սոցիալապես և քաղաքականապես անընդունելի դառնան»,– ասում է Լուսիա Պոպովսկան, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ծրագրային հարցերով տնօրենը։

Հաբիթաթի համաշխարհային օրվա կապակցությամբ Հաբիթաթ ֆոր Հյումենիթին 2010թ. լույս է ընծայել «Բնակարանային պայմաններ և առողջություն. զինակիցներ աղքատության դեմ» համապարփակ ծրագրային հաշվետվությունը, որը անդրադառնում է պատշաճ բնակարանային պայմանների և առողջ ընտանիքի միջև կապին։

Վերոնշյալ գործողություններին համընթաց, Հաբիթաթի համաշխարհային միջոցառումները կգլխավորի Ջիմմի և Ռոզալին Քարթերի անվան 27–րդ ամենամյա աշխատանքային ծրագիրը։ Այն կանցկացվի հոկտեմբերի 4-ից 8–ը ԱՄՆ–ի վեց տարբեր քաղաքներում, որտեղ Քարթերների ընտանիքը և կամավորները ձեռնամուխ կլինեն 86 տների և բնակարանների շինարարությանը, վերականգնմանն ու վերանորոգմանը։