Տպել

Սպիտակի բնակիչները մեծ ակնկալիքներ ունեն Հաբիթաթ Արմենիայի՝ էներգախնայողությանն ուղղված ծրագրից

 

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակներում Սպիտակում 2015 թ-ի նոյեմբերի 3-ին արդեն երրորդ անգամ անցկացվել է Գիտելիքների փոխանակման ֆորում, որը կազմակերպվել էր Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա (ՀՖՀԱ) հիմնադրամի և Սպիտակի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: ՎԱԷՀՔ ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ և Սպիտակի ու Վայքի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ: 

Ֆորումին մասնակցել են Սպիտակի քաղաքապետարանի, «Բնակարանների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի աշխատակիցներ, ՎԱԷՀՔ ծրագրի աշխատակազմը, ծրագրի թիրախային բազմաբնակարան շենքերի բնակիչներ` ավելի քան 30 մասնակից: 

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը ներկայացրել են ծրագրի առավելությունները, բնակիչների կենսակերպում սպասվող դրական փոփոխությունները, ծրագրին բնակիչների մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև ծրագրի Ֆինանսական  մոդելը: 

Սպիտակի քաղաքապետը հատկապես շեշտել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերում էներգախնայողությանն ուղղված վերանորոգումների արդյունքում զգալիորեն կրճատվելու են բնակարանների ջեռուցման ծախսերը: 

Սերգեյ Արզումանյանը, ներկայացնելով ծրագրի Ֆինանսական մոդելը, ըստ որի՝ բնակիչները ևս պետք է ֆինանսական ներդրում ունենան՝ կատարելով հավելյալ վճարումներ շենքի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման համար, նշել է, որ բնակիչները այդ վճարումները կկատարեն խնայված գումարից: 

Բնակիչների մեծամասնությունը, հատկապես՝ վերջին հարկում ապրողները, կարևորել են էներգախնայողությանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ տանիքի վերանորոգումը և ծածկի ջերմամեկուսացումը և պատրաստակամություն հայտնել կատարել համապատասխան վճարումները: